...

Ընթանում է սողացող պատերազմ, որը նորանոր կյանքեր է խլում, պահանջում ենք դադարեցնել այն

Ընթանում է սողացող պատերազմ, որը նորանոր կյանքեր է խլում, պահանջում ենք դադարեցնել այն

Այսօր մի խումբ քաղաքացիներ, մտահոգված սահմանային լարվածության և անվտանգության խնդիրներով, հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին, որպեսզի 18-ից 20 տարեկան զինվորներին չտանեն առաջնագիծ, որպեսզի ժամկետային զինծառայողները լինեն պաշտպանված:

Ակցիայի մասնակից Իզաբելա Սարգսյանն ասաց. «Մեր նպատակը զինված ուժերում այսպես կոչված խաղաղ պայմաններում չդադարող մարդկային կորուստների մասին բարձրաձայնելն է: Կառավարությունը պարտավոր է ապահովել զինվորների ու երկրի անվտանգությունը, ինչը չի անում: Սա լրիվ ինքնաբուխ բողոքի ակցիա է ստեղծված իրավիճակի դեմ, որը ֆեյսբուքյան քննարկումներից տեղափոխվեց իրական տիրույթ: Ցանկացած պետություն մարդկանց կյանքի ու առողջության երաշխավորն է, բայց մեր երկրում չկա նման բան: 

Այս պահի դրությամբ ամենահրատապ հարցը զինվորների անվտանգությունն է, որոնք զոհվում են Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման պատճառով: Կարծում եմ, կառավարությունը պետք է անվտանգության ոլորտի որակյալ փորձագետների հետ լուծումներ գտնի, որպեսզի ամեն օր 18-20 տարեկան զինվորները չզոհվեն։

Իշխանությունները խոսում են խաղաղության դարաշրջանից, բայց երկու օր առաջ զոհվել են 2002-2003 թվականներին ծնված 3 զինվորներ, կան վիրավորներ։ Կա լուրջ խնդիր, և այն պետք է լուծեն իշխանությունները»:

«Չորրորդ իշխանություն» թերթի և 4-rd.am կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը ընդգծեց. «Ես մեր մտահոգությունը ուզում եմ լսելի դարձնել մեր հասարակության համար, նրանց համար, ովքեր գիտակցում են, թե ինչ է կատարվում և իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն երկրում ստեղծված իրավիճակը շտկելու համար: Այս կերպ այլևս չի կարող շարունակվել: Իշխանությունը պետք է հետևություն անի իր քաղաքականությանը ընդդիմացողների պահանջից: Այսքան զոհերից հետո, երբ որոշ տարածքներ հանձնել ենք, հայտարարում են, թե կանգնեցրել ենք պատերազմը, սակայն իրականում, ըստ էության, այն չի դադարել, այլ ընթանում է սողացող պատերազմ, որը նորանոր կյանքեր է խլում: Պատերազմը լինելու է շարունակական, նորանոր կորուստներ ենք ունենալու, և դա իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունքում: 18-ից 20 տարեկան երեխաները չպետք է գնան առաջնագիծ, անպաշտպան, բաց օդով, վատ հանդերձանքով, սահմանին առանց զենքի, նրանք թնդանոթի միս չեն:

Պահանջում եմ կանգնեցնել այս խայտառակությունը։ Այս կառավարությունը ի վիճակի չէ բանակային ռեֆորմներ իրականացնել, թող հեռանան, ով կարող է՝ թող նա գա ու իրականացնի այդ ռեֆորմները։ 

Ես ուզում եմ արժանապատիվ խաղաղություն լինի, իսկ դա անողը պետք է կարողություն ունենա, ես այդ կարողությունը չեմ տեսնում հիմա»։

Ակցիայի մասնակից, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ կարծում է, որ անհրաժեշտ է խոշոր բանակային ռեֆորմ անել: «Սա այն պետությունն է, որը կարողանում է գերեզմանոցային աշխատանքները տեխնիկայով կատարել, իսկ սահմանային ինժեներական աշխատանքները երեխաները ձեռքով են անում: Դա նորմալ չի: Ինձ որպես իրավապաշտպան մտահոգում է նաև այն հանգամանքը, որ մարդու իրավունքների պաշտպանությանը բավարար ուշադրություն չի դարձվում»:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ ակցիան լինելու է շարունակական և հասարակության լայն շերտեր է ընդգրկելու: 

Լրագրողի հարցին՝ միացողներ կլինե՞ն, Շողեր Մաթևոսյանի պատասխանն այսպիսին է՝ եթե այս երկրում մնացող են, պիտի միանան, իսկ եթե գնացող են, նույնպես պիտի միանան, որ հետագայում վերադառնալու տեղ ունենան:

Մելանյա Ծառուկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ