«Չգիտեմ՝ մարդկանց դուր է գալիս, թե ընդհակառակը, բայց փաստ է, որ վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերս միասին 120 միլիոն դիտում են ունեցել», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Եթե Նիկոլ Փաշինյանը պատճառը չգիտի՝ հիշեցնենք, թե ինչ բնութագիր էր տվել ամերիկյան բանակի գեներալներից մեկն իր զորամասի սպային․ «զինվորները պատրաստ են նրա ետևից գնալ թեկուզ աշխարհի ծայրը՝ որպեսզի տեսնեն, թե ի՛նչ նոր հիմարություններ կգործի»։ Իսկ եթե պրն Փաշինյանին իսկապես այդքան հետաքրքրում են իր էջերի դիտումները՝ խորհուրդ կտանք հաջորդիվ տեսանյութ հրապարակել, թե ինչպես է, օրինակ, ձմերուկը մեջտեղից կիսում, դնում հատակին, ապա գլուխկոնծի տալիս՝ այնպես, որ դեմքը հայտնվի ճիշտ և ճիշտ կիսված ձմերուկի մեջ։ Հավատացնում ենք՝ դիտումները միանգամից կտասնապատկվեն։
Իսկ եթե համեմատաբար ավելի լուրջ, ապա 120 միլիոնը, իհարկե, պատկառելի թիվ է, «կատվի փռշտոց չի», հետևաբար՝ ինչ-որ բացատրություն պիտի ունենա։ Հնարավոր տարբերակները 3-ն են։
1․ Թվերը հաշվել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որի մաթեմատիկական գիտելիքները կասկածից վեր են,
2․ Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով վաղուց գրավել է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ առաջադեմ աշխարհի զվարճասեր հասարակության ուշադրությունը,
3․ 120 միլիոն դիտումները հիմնականում գրանցվել են 3 միլիոնանոց Հայաստանում, պարզապես տեսանյութերն այնքան անհավանական են եղել, որ օգտատերերն իրենց աչքերին չեն հավատացել և ամեն տեսանյութ դիտել են մի քանի անգամ՝ փորձելով հասկանալ, դրանք իրակա՞ն են, թե՞ արհեստական բանականությամբ գեներացված։