...

1 ձայնի տարբերությամբ Ազատեկը մերժեց հանքին

1 ձայնի տարբերությամբ Ազատեկը մերժեց հանքին

44 կողմ, 45 դեմ 

Մեկ ամիս առաջ ստեղծված «Վայկ-Ինվեստ» ՍՊԸ-ին, որը հունվարի 23-ին Ազատեկի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ հանրային լսում էր նախաձեռնել Վայք համայնքի Զառիթափ համայնքում ու մերժում ստացել, այսօր էլ Ազատեկում մերժեցին:

Ընկերությունը ոսկու հանք շահագործելու թույլտվություն էր ուզում ստանալ Ազատեկ բնակավայրի բնակիչներից: Գյուղացիները, սակայն, 1 ձայնի տարբերությամբ համաձայնություն չտվեցին հանքի շահագործմանը:

Հանրային լսումն անցավ բուռն մթնոլորտում: Քննարկմանը մասնակցած 44 բնակիչ կողմ էր հանքի բացմանը: Ուզում են աշխատանք ունենալ, որ էլ արտագնա աշխատանքի չմեկնեն:

45 դեմ գյուղացիներն էլ ցանկանում են, որ հանք բացողը միլիոններ չաշխատի իրենց առողջության հաշվին:
«Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահե Մալխասյանը հայտնեց, որ ընկերության բաժնատերերը փոխվել են: Այժմ ընկերության սեփականատերը Հրաչյա Ջանունցը չէ ինչպես փաստաթղթերում ներկայացրել են, երեկ է բաժնետիրոջ փոփոխությունը գրանցվել:

Ազատեկցիներին վրդովեցրեց, որ մեկ ամսում կարող է ընկերություն ստեղծվել և հետո էլ սեփականատեր փոխվել: 

«Չենք վստահում մեկ օրում սեփականատեր փոխող ընկերության: Մենք կարծում ենք, որ սա անգլիական կամ այլ երկրի ընկերություն է, ով ուզում է այստեղ փող աշխատել մեր առողջության հաշվին»,- սրտնեղեցին գյուղացիները:

Ընկերության ներկայացուցիչը հերքեց ազատեկցիների կասկածները:

«Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ը նախատեսում է հանքավերամշակում իրականացնել Վայք համայնքի «Արին» բնակավայրում և այնտեղ կառուցել գործարան, որը կստեղծի 250 աշխատատեղ։ 

«Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն խոստացավ ոչ միայն հանքի շահագործման ընթացքում պահպանել բնապահպանական բոլոր նորմերը, այլև մասնակցել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման աշխատանքներին՝ 50 մլն դրամի չափով տարեկան համայնքում ներդրում անելով:

Հանրային քննարկմանը եկել էր «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը և պնդում էր, որ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ի այսօրվա կազմակերպած լսումներն անօրինական են, քանի որ ընկերությունը լիցենզիա չունի: 

Ազատեկի հանքավայրի շահագործման համար Վայքի բնակիչների համաձայնությունը ստանալու նախկին երկու փորձերն արվել էին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից: Երկու դեպքում էլ բնակիչները բոյկոտել էին հանրային լսումները: Իսկ տարեսկզբին հայտնի դարձավ, որ Ազատեկի հանքավայրի համար «Վայք Գոլդին» տրված ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է:

2018-ի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Վայոց ձորի մարզում գտնվող Ազատեկի հանքավայրից ապօրինի կերպով 250 միլիոն դրամի ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանման հիմքով: 

Ազատեկի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ ևս մեկ հանրային քննարկում էր եղել Զառիթափ բնակավայրում: Գյուղացիները մերժել են ծրագիրը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2665 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ