...

21-րդ դարի ռեֆորմատորն ու տրանսֆորմատորը

21-րդ դարի ռեֆորմատորն ու տրանսֆորմատորը

Վաղը Մարտի 1-ի գործով դատավարությունն է սկսվում: Երկու օր է, ինչ Ռ. Քոչարյանի «ֆան-կլուբը» Շենգավիթի առաջին ատյանի դատարանի առջև ինչ-որ ակցիա է անցկացնում: Պահանջում են անմիջապես ազատ արձակել իրենց «հերոսին», Արցախի ու Հայաստանի միասնականության «խորհրդանիշին», Տիգրան Մեծի արժանի «ժառանգորդին» և այլն: 

Մենք էլ դատավարությանն ընդառաջ որոշեցինք հիշեցնել, թե ով է մեղադրյալի աթոռին նստած Ռոբերտ Քոչարյան անունով անձը, և ինչ կարծիք ունի նրա մասին հայ ժողովուրդը:

Թերևս, խոսքը տանք Դավիթ Շահնազարյանին՝ ԱԱԾ նախկին պետը, ՀՀՇ-ի վարչության նախկին անդամը, «21-րդ դար» կուսակցության նախկին նախագահը, ՀԱԿ նախկին անդամը, ՀՀԿ ցուցակի 3-րդ համարը ինչ-որ պետք է՝ Քոչարյանի մասին ասել է: Այն, ինչ մենք պետք է գրեինք, ինքը «մեխել» է: 

Մեզ թվում է, որ երբ վաղը Դավիթ Շահնազարյանը դատարանի առջև վանկարկի «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», արդարադատության կողմնակիցները, մարտի 1-ի զոհերի ու տուժածների, քաղբանտարկյալների հարազատները ընդամենը պետք է մեջբերումներ անեն նույն Դ. Շահնազարյանի՝ Քոչարյանի վերաբերյալ տարբեր տարիներին արված մտքերից: Իմիջայլոց, ոչ միայն վաղը, այլև՝ ամեն օր, ամեն տեղ, սոցցանցերում տարածելով: Ընդհանրապես, երբ որևէ մեկը ցանկանում է Քոչարյանին հայհոյել կամ մեղադրել ծանրագույն հանցագործությունների մեջ, խորհուրդ կտանք դա անել Դավիթ Շահնազարյանից մեջբերումներ անելով, մանավանդ, որ Քոչարյանը պաթոլոգիա ունի օրումեջ մարդկանց դատի տալ իր «արժանապատվությունը» ու «հեղինակությունը» արատավորող բաներ ասելու համար:

Եվ այսպես, Դավիթ Շահնազարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին.

«Քոչարյան Ռոբերտն անտեղյակ է նորանկախ Հայաստանի պատմությանը, ինչպես նաև Շարժման դրվագներին: Ավելին, Քոչարյանն իր մտածելակերպով օտար է ոչ միայն Հայաստանի ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների, այլև Արցախի համար: Այս իրողությունը պետք է գիտակցեն այն հասարակական և քաղաքական կազմակերպություններն ու գործիչները, որոնք վերջին օրերին Քոչարյանի իշխանությունը երկարաձգելու համար դարձյալ սկսել են շահարկել Արցախի հարցը: Ատոմակայանը փակվել է ՍՄԿԿ Քաղբյուրոյի որոշմամբ՝ 1989թ., երբ Շարժման ղեկավարները բանտարկված էին Մոսկվայում: Ատոմակայանը բացվել է, և դա բացառիկ դեպք է ողջ աշխարհում, երբ փակված ատոմակայանը վերագործարկվել է և վերագործարկվել է Հանրապետության հիմնադիրների կողմից՝ ՀՀՇ-ի իշխանության ժամանակ, ինչը լուրջ նվաճում էր: Նույնը վերաբերում է նաև «Նաիրիտին»:

Արժե ավելացնել, որ փաստերը խեղաթյուրելու և պատմությունը սրբագրելու պրակտիկան կրիմինալ մտածելակերպի արդյունք է և հատուկ է բացառապես օկուպացիոն ռեժիմներին», «ՉԻ», 27.04.2003թ.:

«Ռոբերտ Քոչարյանը փաստացի ընդունեց, որ ինքն է հրահանգել մարտի 1-ի բոլոր գործողությունները, անօրինականությունները, կրակ բացելը եղել է իր հրահանգով: Նա հաստատեց, որ ՀՀ-ում ձերբակալությունները կատարվում են քաղաքական հրամանով և ինքն է տալիս այդ հրամանը: Նա նաև նշեց, որ 1998թ. պետք է կալանավորեր Տեր-Պետրոսյանին, եթե դրա հիմքը կար, նա նաև այս հարցում է հանցագործ, որ հանցագործի է պարտակել», «ՉԻ», 15.07.2008թ.:

«Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցներով ընդամենը փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է Կրեմլի աջակցությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ բացառված է, որ Մոսկվան աջակցություն ցուցաբերի Ռոբերտ Քոչարյանին։ Մոսկովյան և ոչ մի շրջանակ նրան չի աջակցի: Հայ հասարակությունը ատելությամբ է լցված Քոչարյանի նկատմամբ։ Քոչարյանի քայլերն ընդամենը ցուցադրական են, որոնց նպատակը հասարակության մեջ խաբկանք առաջացնելն է. այդ մարդու վերադարձը որևէ դիրքով բացառվում է։ Իսկ ՀԱԿ-ի իշխանության գալուց հետո նրան սպառնում է ամբաստանյալի աթոռը», «ՉԻ», 17.02, 2011թ..:

«Ռոբերտ Քոչարյանը, ըստ որոշ տեղեկությունների, ունի Հայաստանի բյուջեն գերազանցող կապիտալ: Թող նրան հարկեն, եթե պայքարում են կոռուպցիայի դեմ», 03.07.2008թ.:

«Ես համոզված եմ, որ Քոչարյանը իրավահաջորդ կարող է տեսնել միայն ինքն իրեն: Եվ Սահմանադրությունը փոխելու նրա բոլոր ջանքերը բացարձակապես իր համար է: Քրեական մտածողություն ունեցող անձը այնքան է կտրված իրականությունից, որ նրան թվում է, թե այդ պաշտոնը կարող է հավերժ զբաղեցնել: Ավելին, կարծում եմ, որ նա ուրիշ կացարանում կարող է տեղ զբաղեցնել` ճաղերով պատած պատուհաններով. ապագան դա է», 17.06.2005թ.»:

Հ.Գ. Հիշեցնում ենք, այս ամենը Դավիթ Շահնազարյանն է ասել՝ Քոչարյանի մասին: Այսինքն, ինչ ուզում եք Քոչարյանի հասցեին ասեք, ուղղակի չմոռանաք վերջում հիշեցնել, որ Դ. Շահնազարյանից եք մեջբերում անում: Մենք դեռ կշարունակենք նորանոր մեջբերումներ ներկայացնել:

շարունակելի
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   8597 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ