...

Աղվան Հովսեփյանն ազա՞տ կարձակվի

Աղվան Հովսեփյանն ազա՞տ կարձակվի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմը առավոտյան հայտարարություն տարածեց՝ ահազանգելով, որ նա շուրջ մեկ ամիս է գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Ի թիվս այլ հիվանդությունների՝ Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբետիկ պոլինեյրոպաթիա։ «Հատկանշական է, որ պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը և պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում»,- հայտարարել են փաստաբանները՝ հավելելով․ «Ստեղծված իրավիճակի պայմաններում Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլև իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»։ Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որով խնդրել են հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։

Հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ միջնորդությունը քննարկելու համար Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ դատական նիստ է նշանակել։ Միջնորդության հայցը քննարկող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է։ 

Հրատապ արձագանքը, ինչպես նաև հիվանդության ախտորոշումները հիմք են տալիս կարծելու, որ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը կփոխվի, և նա ազատ կարձակվի։ Կթերթվի, գուցեև մոտ ապագայում կփակվի ևս մեկ քրեական գործի պատմություն։ Բոլոր դեպքերում, ի տարբերություն շատ «առողջ ջահելների», օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի և այլն, Աղվան Հովսեփյանը չանհետացավ մոսկվաներում։ Չնայած՝ նիստերից մեկի ժամանակ հենց Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նրան առաջարկել է մնալ Մոսկվայում, քաղաքի կենտրոնում շքեղ բնակարան, կյանքի բարեկեցիկ պայմաններ է խոստացել, իսկ Գառնիկիչը հրաժարվել է։ Կարճ ասած՝ չի թռել ու չի թաքնվել։ Վստահ է եղել, որ ձախորդ օրերը ձմռան նման են՝ գալու և գնալու են։ Առողջություն բոլոր հիվանդներին։ 

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   2319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ