...

Աջափնյակի թաղապետարանում աղբի ու աղբատարների մասին «արտակարգ մտահղացումներ» են

Աջափնյակի թաղապետարանում աղբի ու աղբատարների մասին «արտակարգ մտահղացումներ» են

Պարզվում է, արտակարգ դրության այս օրերին Աջափնյակի թաղապետարանը «արտակարգ մտահղացումներ» է ունենում: Դրանցից մեկը բազմաբնակարան շենքերի (ընդ որում՝ 16 հարկանի) աղբատար խողովակները փակելն է: Բայց սա ամենազարմանալի դրսևորումը չէ: Թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները առանց պաշտպանիչ դիմակների ու ձեռնոցների շրջում են բազմաբնակարան շենքերով՝ բնակարան առ բնակարան թակում են դռները և բնակիչներին խնդրում իրենց տեսակետը հայտնել աղբատար խողովակները փակելու մասին: Նրանք բոլոր բնակիչներին տրամադրում են միակ գրիչը և խնդրում իրենց բնակարանի համարի ուղղությամբ ստորագրել: 

Փորձեցինք այս առնչությամբ պարզաբանում ստանալ Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Թելման Թադևոսյանից: «ՉԻ» հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարը հաստատեց, որ աշխատում են աղբատար խողովակները փակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Նա երկար բացատրում էր, թե որքան հարմարավետ կլինի դրսում աղբամանների տեղադրումը:  

«Էնտեղ, որտեղ պարբերաբար խցանումներ են լինում, տեղեր կան՝ մաշված են, տեղեր կան՝ ջարդված են, ու անհնար է էդ պահին ինչ-որ բան անել, և դա ստեղծում է լրացուցիչ ոչ սանիտարական վիճակ: Էդ տեղերում, որպեսզի մենք խուսափենք նման խնդիրներից, ներքևը, որտեղ շենքի բունկերներն են, դրվում են աղբի մեծ ամաններ, և արդեն աղբահանությունը իրականացվում է ոչ թե բունկերներից, այլ հենց աղբամաններից»,- ասաց Թադևոսյանը:

Աջափնյակի թաղապետին հիշեցրեցինք, որ մտահոգությունը աղբամաններին չի վերաբերում, այլ թաղապետարանի աշխատակիցների՝ առանց պաշտպանիչ միջոցների ներկայանալուն և նույն գրիչը առանց ախտահանելու բոլոր բնակիչներին տրամադրելուն: Որքանո՞վ է ճիշտ նման աշխատաոճը և ինչո՞ւ պատասխանատուները հաշվի չեն առել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրությունը հարցին Թելման Թադևոսյանի պատասխանն այսպիսին էր. 

«Ես գիտեմ, որ գրիչը ախտահանվում է, դիմակի ու ձեռնոցի մասին ճիշտ է, բոլորին ասվում է, դուք էլ լավ տեսնում եք, որ դրան չես կարող ստիպողաբար գնաս: Դիմակն էլ մեծ հաշվով ինչ-որ պաշտպանիչ գործողություն չի կատարում, դա ավելի շատ ոնց որ մտած է մեջներս, որ դիմակը լինի, որ անվտանգ լինենք էլի: Եթե դուք նայեք քաղաքի շարժը կամ ձեր շենքերի մոտակա բնակիչների ելք ու մուտքը տեսնեք, կհասկանաք, որ բնակիչները հենց իրենք չեն պահպանում էդ նորմերը: Ինչ վերաբերում է աղբամանների տեղադրմանը, ապա բնակիչներն են մեզ ասում, եկեք մի օր շուտ մեզ էս խոլերայից ազատեք: Հուսով եմ, որ մեր բնակիչները հասկանում են, որ էդ ամեն ինչը չի արվում մենակ անելու համար, այլ արվում է հենց մեր բնակիչների համար, որ մեր բնակիչները, մեր երեխեքը ավելի նորմալ ու մաքուր պայմաններում ելումուտ անեն»:

Հ.Գ. Թե ովքեր են մտմտացել արտակարգ դրության պայմաններում աղբամաններին առաջնահերթություն տալու ծրագիրը, հարցի մի կողմն է: Փաստն այն է, որ թաղապետի գիտությամբ ու թողտվությամբ անտեսվում է հարազատ կուսընկերոջ՝ պարետ Տիգրան Ավինյանի՝ մարդկանց առողջությունն ու անվտանգությունը պահպանելու մասին հրահանգը: Մնում է արձանագրել՝ եթե պետական պաշտոնյան է հայտարարում, որ դիմակ կրելը մեծ հաշվով օգուտ չի տալիս և արդարացնում է թաղապետարանի անփույթ աշխատաոճը, ինչ խոսք կարող է լինել շարքային քաղաքացիների մասին:

Մելանյա Ծառուկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ