...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Կորոնավիրուսի հաղթարշավի պատճառները

Անցնող շաբաթը լավատեսության հիմքեր չտվեց: Կորոնավիրուսը վերջնականապես ճեղքեց առողջապահական և կարանտինային բոլոր պաշտպանական խրամատները և նորանոր դիրքեր է գրավում hանրապետության բոլոր մարզերում: 

Այսպիսով, իշխանությունների ձեռնարկած բոլոր միջոցառումները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, մատնվեցին անհաջողության: Թեպետ ի սկզբանե լավատեսության մեծ հիմքեր կային: Հայաստանի չորս սահմաններից երկուսը այսպես թե այնպես փակ էին, երկար ժամանակ իրավիճակը կարծես վերահսկվում էր, մի պահ վարակված-առողջացած պացիենտների հարաբերակցությունում դրական դինամիկա կար՝ հօգուտ առողջացածների: Իսկ հիմա արդեն օրական միջինը 200 վարակված ունենք: Սա կորոնավիրուսի դեմ պատերազմում պարտություն է:

Պատերազմի կանոնները

Հիմա հարց է առաջանում. ինչո՞ւ այսպես եղավ: Որո՞նք էին իշխանությունների բացթողումները, որտե՞ղ թերացան, ի՞նչը սխալ գնաց:

Այս հարցերի պատասխանների համար թերևս արժե արցախյան պատերազմի մի կարևոր ժամանակաշրջանի մասին խոսել. երբ 1993թ. գարնանային և ամառային ցավոտ պարտություններից գազազած Ադրբեջանը բանակի մոբիլիզացիա անցկացրեց և 1994թ. հունվարի 1-ից տոտալ հարձակում սկսեց ռազմաճակատի բոլոր ուղղություններով: Դա արցախյան պատերազմի ամենադաժան ժամանակահատվածն է եղել: Ադրբեջանական գրեթե 100 հազարանոց բանակը ձևավորվել էր ռազմական ժամանակաշրջանի բոլոր կանոններով, որի բոլոր գործողությունները կոորդինացվում էին մեկ շտաբից, այդ շտաբը ղեկավարում էին գեներալներ, թուրք մասնագետներ: Այսինքն, դա ոչ թե առանձին ջոկատներ էին, այլ մեկ միասնական ռազմական մեքենա, որը 1994 ձմեռային կամպանիայում սկզբից լուրջ հաջողությունների հասավ: Օմարի լեռնանցքը գրավեցին ու սկսեցին առաջանալ դեպի Քելբաջար, հարավում մեր տղաները չկարողացան պահել Հորադիզի երկաթուղային կայարանը, որը ստրատեգիական մեծ նշանակություն ուներ: Եթե Հորադիզում առաջխաղացումը շարունակվեր, ապա ադբեջանցիները կարող էին մեր թիկունքին հարվածելով, հասնել մինչև Մեղրի: 

Ադրբեջանական բանակի այս հարվածներն առաջինն իրենց վրա ընդունեցին մեր զորակոչիկները՝ 18-19 տարեկան տղաները, որոնց դեռ պակասում էր փորձը, մարտական պատրաստվածությունը, այստեղից էլ՝ մեծաքանակ զոհերը, հատկապես՝ Օմարի լեռնանցքի մոտ:

Ամեն ինչ՝ հաղթանակի համար

Եվ այստեղ Հայաստանի իշխանությունները մի քայլ կատարեցին, որը էական ազդեցություն թողեց պատերազմի հետագա ընթացքի վրա: Հայտարարվեց պահեստազորի եռամսյա հավաքներ: Այսինքն, երեք ամսով բանակում ծառայած և զորացրված տղամարդկանց հավաք սկսվեց: Ու քանի որ տղամարդկանց մի մասը որևէ ցանկություն չուներ գնալ ճակատ, այսինքն՝ մոբիլիզացիայի խնդիր կար, մարդկանց հենց փողոցներում էին բռնում, ավտոբուսները լցնում ու ուղարկում Արցախ: Եվ դա ստիպված էին անել. և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունները հասկանում էին, որ այս պատերազմը երկար շարունակվել չի կարող, քանի որ հսկայական ռեսուրսներ է խլում, ու ինչ-որ պահի ավարտվելու է ու ով այդ պահին ինչ տարածք վերահսկեր, այդ ստատուս-քվոն պահպանվելու էր: Դրա համար էլ Ադրբեջանը ձգտում էր մինչև պատերազմի կամ զինադադարի ավարտը հնարավորինս շատ տարածք ետ բերել, հայկական կողմը՝ այդ տարածքները պահպանել: 

Բայց ճակատում 100 հազարանոց բանակին 25-30 հազար զինվոր չէր կարող երկար ժամանակ դիմագրավել: 10 օր կարող էր, մի ամիս՝ միգուցե, բայց մի քանի ամիսը արդեն անհնար էր: Եռամսյա հավաքները դրա համար էին, որպեսզի մարդկային ռեսուրսով ապահովեն ճակատը: Մարդաորսը ամենաճարահատյալ քայլն էր, որը կարելի էր անել, բայց իշխանությունները գնացին դրան: Դրա շնորհիվ ադրբեջանական բանակի հարձակումը նախ կանգնեցվեց, հետո սկսվեց հայկական բանակի հակահարձակումը, ետ բերվեցին կորցված մի շարք տարածքներ, այդ թվում՝ Օմարի լեռնանցքը:

Դա դաժան պատերազմ էր, ու իշխանությունները այդ պատերազմի կանոններով էին գործում: Հաճելի բան չէ, երբ քեզ փողոցում բռնում, ուղարկում են պատերազմ, բայց դա էր այն ժամանակվա իրողությունը, հրամայականը, և դրա շնորհիվ մենք մինչև հիմա ունենք Արցախն ու անվտանգության գոտի համարվող շրջանները՝ մինուս 700 հեկտար: 

Պարետ՝ միայն թղթի վրա

Այս իշխանությունները չգիտեն՝ ինչ բան է պատերազմը: Ցավոք սրտի: Որովհետև հիմա պատերազմ է, թշնամին էլ կորոնավիրուսն է, որը նորանոր դիրքեր է գրավում: Ու նրան կանգնեցնելու տուտը չի երևում: Մենք պարետ ունենք, որը պարզապես թյուրիմացություն է: Արտակարգ դրություն էին հայտարարել: Տնից դուրս չգալ, շփումներ չունենալ, առանց էն անտեր թղթի բռնեն, կտուգանեն: Բայց որևէ մեկը արտակարգ դրություն տեսե՞լ է: Քանի՞ հոգու են տուգանել կարանտինի կանոնները խախտելու համար: Խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ արգելվում էր առանց անհրաժեշտության տնից դուրս գալ, և իրավիճակը դեռ կառավարելի էր: 

Տիգրան Ավինյանի կայացրած որոշումներում որևէ տրամաբանական կապ չկա և դրանց իրականացման համար անհրաժեշտ կամք էլ չկա: Այնպիսի անհետևողական քայլեր են իրականացվում, որ մարդու լացը գալիս է: Մի հատ դուրս նայեք. դուք փողոցում արտակարգ դրության որևէ հոտ զգո՞ւմ եք: Մարդիկ սովորական կյանքով ապրում են, փողոցները լիքն են, սուպերմարկետներում հերթեր են: Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետը, ասում են, թե մարդիկ չեն հետևում արտակարգ դրության կամ կարանտինի կանոններին: Չեն հետևում՝ պարտադրեք, խախտում են՝ պատժեք: Ստիպեք, որ կորոնավիրուսի դեմ պատերազմի մասնակից լինեն, ինչպես 1994-ին էին ստիպում: 

Ու սա մենք դեռ ընդամենը կարանտինային և առողջապահական անվտանգության մասին ենք խոսում: Առանձին թեմա է այս պայմաններում սոցիալական և տնտեսական ոլորտներում իշխանությունների իրականացրած քաղաքականությունը, տեղ-տեղ՝ դրա բացակայությունը:

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   1832 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ