...

Հայաստանում՝ 100 հազար դրամ, ԱՄՆ-ում՝ 300 դոլար

Հայաստանում՝ 100 հազար դրամ, ԱՄՆ-ում՝ 300 դոլար

Երեկ կառավարությունը որոշում ընդունեց, որ մայիսի 25-ից սկսած մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում պարտադիր է լինելու, հակառակ դեպքում կտուգանվեն 100 հազար դրամով: Այն, որ կորոնավիրուսի տարածման տեմպերը հաշվի առնելով՝ դա դարձել է անհրաժեշտություն, կասկած չի հարուցում: Սակայն հարցեր է առաջացնում տուգանքի գումարի չափը:  

Միանգամից սահմանեիք մեկ միլիոն և հավասարեցնեիք ուրիշի առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու քրեական օրենսգրքի դիսպոզիցիաներին:  

Կառավարությունը և պարետատունը գոնե հաշվարկե՞լ են, թե որքան կավելանան 4 հոգանոց ընտանիքի ծախսերը, եթե ընտանիքը հետևի առողջապահության նախարարության խորհուրդներին և չորս ժամը մեկ փոխի դիմակը: 200 դրամանոց դիմակի արժեքի դեպքում հայկական միջին ընտանիքի ծախսային բեռը կավելանա առնվազն 20000 դրամով: Իսկ եթե ամսվա ընթացքում մի անգամ մոռանա կամ ի վիճակի չլինի գնելու դիմակը, ընդհանրապես կընկնի պարտքերի տակ:

Միացյալ նահանգներում հանրային վայրերում դիմակի առկայությունը նույնպես պարտադիր է դարձել, հակառակ պարագայում տուգանում են 300 դոլարով: ԱՄՆ-ի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը հասել է 65000 դոլարի, Հայաստանում թիվը չի գերազանցում 4500 դոլարը: Ստացվում է՝ 15 անգամ հետ ենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով, բայց տուգանքի գումարը ընդամենը 50 տոկոսով է քիչ:

Իսկապես մարդը չի կարող լինել տուգանքի «մատերիալ», առավել ևս սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի   պայմաններում: Անգամ, եթե 10000 դրամ տուգանեն, միևնույն է, մարդիկ կզգաստանան և չեն ցանկանա ավելորդ բեռի տակ ընկնել:

Այս դեպքում ոչ թե զգաստանալու խնդիր է լուծվում, այլ պատժելու, դաժան պատժելու և օդից բյուջե   հավաքագրելու: Միայն մնում է հուսալ, որ հաջորդ 100 փաստերի մեջ որպես հաջողություն չի նշվի, որ իքս գումարի տուգանք ենք գրել ՀՀ անպարտաճանաչ քաղաքացիների վրա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ