...

Վճարիր ու ինչքան ուզում ես՝ «կլիզմա արա»

Վճարիր ու ինչքան ուզում ես՝ «կլիզմա արա»

Երբ Քոչարյանն իր նախագահության տարիներին թագավորի առաջ չոբանին կլիզմա անելու մասին անեկդոտ էր պատմում ու հռհռում ինքն իր պատմածի վրա, նրա մտքով երևի չէր անցնում, որ գալու է ժամանակը, և ինքն է հայտնվելու «պարբերաբար կլիզմա արվող չոբանի» դերում։ Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանի հերթական տխմարության արդյունքում նրա վարկանիշը կտրուկ ընկնում է, ու իշխանությունը կորցնելու վտանգն իրական է դառնում (Քոչարյանի բառապաշարով ասած՝ «փորը կապվում է»), նա «նազիր-վեզիրներին» (դատաիրավական համակարգին, քաղաքական թիմի ուսապարկերին, ֆեյքերին) կարգադրում է հրապարակավ «կլիզմա անել» Քոչարյանին (նոր քրեական գործեր հարուցել, թարմացնել նախկինները, մի խոսքով՝ հիշեցնել նրա հանցավոր անցյալը), և դա որոշ ժամանակով օգնում է։ Շատերը մտածում են, որ այլ տարբերակ չկա, եթե Նիկոլը չլինի՝ հանցագործ Քոչարյանն է վերադառնալու, ու այդպիսով Նիկոլի դիրքերը մի քիչ ամրապնդվում են («փորը բացվում է»)։

Բայց Քոչարյանը նույնպես շատ լավ հասկանում է դա, և ահա, ըստ ամենայնի, որոշել է իրեն հրապարակավ «կլիզմա անելը» դարձնել վճարովի։ Նա երկու քաղաքացիական հայց է ներկայացրել, որոնցից մեկը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ, մյուսը՝ Ալեն Սիմոնյանի։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանից պահանջում է 6 միլիոն դրամ, Ալեն Սիմոնյանից՝ 9 միլիոն, որովհետև Նիկոլը, իրեն «կաշառակեր» անվանելով, միայն զրպարտել է, իսկ Ալենը՝ ոչ միայն զրպարտել, այլև վիրավորել։

Իրեն «կլիզմա անելու» տեսքով իշխանություններին մատուցվող ծառայությունները վճարովի դարձնելը, իհարկե, տրամաբանական է։ Եթե Նիկոլն ու իր թայֆան դրա շնորհիվ կարողանում են պահպանել իշխանությունը, ինչո՞ւ պիտի չվճարեն դրա համար։ Առավել ևս, որ Քոչարյանն իր ծառայությունների համար չնչին, կարելի է ասել՝ խորհրդանշական սակագներ է սահմանել։ Փոխարենը՝ այդ խորհրդանշական գումարը չվճարելը բավականին բարդ կլինի։ Որովհետև եթե, օրինակ, դատարանը որոշի, որ Նիկոլի և Ալենի ասածներում զրպարտություն չկա, այսինքն՝ Քոչարյանն իսկապես էլ հանցագործ-թալանչի-կաշառակեր է, այդ դեպքում հարց կառաջանա՝ բա ինչո՞ւ է այդ հանցագործ-թալանչի-կաշառակերն ազատության մեջ։ Իսկ եթե որոշի, որ նրան իսկապես էլ զրպարտել ու վիրավորել են՝ Նիկոլն ու Ալենը ստիպված կլինեն վճարել այդ 15 միլիոնը։ Բայց սա էլ իր հերթին կարող է նոր բարդություններ առաջացնել, որովհետև, հաշվի առնելով նախադեպը, բոլոր նրանք, ում Նիկոլն ու իր ուսապարկերը զրպարտել են, կարող են նույնպիսի հայցեր ներկայացնել և փոխհատուցում պահանջել, իսկ ընդհանուր գումարը կարող է հասնել աստղաբաշխական չափերի։

Ամեն դեպքում՝ դա էլ է տարբերակ։ Կստացվի, որ իշխանությունները ՀՀ բյուջեից իրենց գրպաններում «գեներացնում են», ասենք, տարեկան մեկ միլիարդ դոլար, որից 300 միլիոնը որպես «կլիզմա անելու» դիմաց փոխհատուցում վճարում են «տիտղոսակիր ընդդիմության» կամ «նախկին հանցավորների» կարկառուն դեմքերին։ Այդպիսով՝ երկու կողմերն էլ մնում են գոհ ու երջանիկ․ Նիկոլը պահպանում է իշխանությունը, նախկիններն էլ տեսնում են, որ «կլիզմա արվելով» նույնպես կարելի է նորմալ վաստակել ու տուն-տեղ պահել։ 70/30 հարաբերակցությունն էլ, ի դեպ, մոտավորապես արտացոլում է քաղաքական ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում։

Կհարցնեք՝ «իսկ պետությո՞ւնը»։ Պետությունը՝ ի՞նչ։ Ձեզ պարզ ասել են․ վճարում եք հարկերը՝ կա պետություն, չեք վճարում՝ չկա պետություն։ Այնպես որ՝ մնացածներից «հասնում է» միայն հարկեր վճարելը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   174 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ