...

Ադրբեջանական լոբբինգ՝ ՀՀ Ազգային ժողովո՞ւմ

Ադրբեջանական լոբբինգ՝ ՀՀ Ազգային ժողովո՞ւմ

Դժվար է ասել՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միայն Հայաստանի բյուջեի՞ց է աշխատավարձ ու պարգևավճարներ ստանում, թե ոչ, բայց որ նա Ադրբեջանի նախագահի լավագույն փաստաբանն է՝ դա հաստատ։ Ալիևը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու հայտարարում է, թե Ջերմուկն էլ է իրենց պատմական հայրենիքը, «Իրևանն» էլ, և ընդհանրապես՝ ողջ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» է, իսկ մեր այս քայլող թքագեղձն արդարացնում է նրան՝ հայտարարելով, թե Ալիևն ամեն ինչ անում է «հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացքում»։ Ապա հստակեցնում է՝ «մենք ասել ենք Նախիջևանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք՝ գնալու ենք Բաքվում թեյ խմենք․․․»։

Ուշադրություն դարձրեք՝ Ալիևն ինքը չի կարող հայտարարել, թե «ես Իրևանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեմ, որովհետև ժամանակին հայերն էլ Բաքուն էին ուզում»։ Չի կարող, որովհետև նրանից անմիջապես կպահանջեն ցույց տալ ՀՀ որևէ ղեկավարի որևէ հայտարարություն, որտեղ նա ասում է «գնալու ենք Բաքվում թեյ խմենք», ու նա չի կարողանա նման հայտարարություն գտնել, որովհետև նման բան չի եղել։ Բայց Ալենչոն թքած ունի նման «մանրուքների» վրա։ Փաստաբանի գործը հենց ստեր հորինելով ու մանիպուլյացիաներով իր գործատուի շահերը պաշտպանելն է։ Անգլիական այսպիսի ասացվածք կա՝ «էլ ինչո՞ւ եմ շուն պահում, եթե ստիպված պիտի լինեմ ինքս հաչել», և ահա Ալեն Սիմոնյանն ի պաշտպանություն Ալիևի բերում է այն փաստարկները, որոնք նա ինքը հաստատ չի բարձրաձայնի։ 

Իսկ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը ստանձնել այդ դերը։ Նա, իր պատկերացմամբ, ոչ թե Ալիևին է արդարացնում, այլ սեփական շեֆին՝ Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև եթե իր շեֆը երեք տարի շարունակ խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին, ու հանկարծ Բաքվից ի պատասխան երեք մատի կոմբինացիա են ցույց տալիս, շեֆը միանգամից հիմար վիճակում է հայտնվում։ Իսկ Ալենը, որպես հավատարիմ ենթակա, իր պարտքն է համարում ցույց տալ, որ շեֆի՝ հիմար վիճակում հայտնվելու պատճառը ոչ թե նրա վարած հիմար քաղաքականությունն է, այլ ՀՀ նախկին իշխանությունները։ Պարզ ասած՝ «Նիկոլն ի՞նչ մեղավոր է, որ Ալիևն իրեն այդպես է պահում, շատ էլ լավ է անում, որովհետև նա վրեժ է լուծում Հայաստանի նախկին իշխանություններից, հետևաբար՝ մեղավորը հենց նախկին իշխանություններն են»։

Ալեն Սիմոնյանը, հասկանալի է, շեֆին այսօրինակ ծառայություն է մատուցում ամենևին էլ ոչ նրա «սիրուն աչքերի համար»։ Դա այն գինն է, որը նա վճարում է ԱԺ նախագահի պաշտոնի, պարգևավճարների, թանկարժեք հանգստավայրերում «տժժալու», մի խոսքով՝ տարբեր մեխանիզմներով այդ պաշտոնն իր անձնական շահերին ծառայեցնելու դիմաց, ու հանուն դրա պատրաստ է անգամ անուղղակիորեն փաստաբանություն անել թշնամի պետության ղեկավարի համար և արդարացնել սեփական երկրի դեմ ակնհայտորեն նախապատրաստվող ագրեսիան։ Այլ կերպ ասած՝ նա պատրաստ է շահադիտական նպատակներով իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնասել սեփական երկրի անվտանգությանն ու պետական շահերին։ Բան չունենք ասելու, ՀՀ Քրեական օրենսգրքի «պետական դավաճանության» հոդվածը գուցե փոքր-ինչ այլ կերպ է ձևակերպված, բայց մեծ հաշվով՝ էությունը դրանից չի փոխվում։ 

Չնայած՝ որևէ մեկին խորհուրդ չենք տա նրա ներկայությամբ հիշատակել այդ հոդվածը։ Թևերը ոլորել կտա ու կթքի երեսին։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ