...

ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը միագործոն, միագիծ ակտ չէ, այն բազմաշերտ, բազմավեկտոր գործընթաց է. Արման Բաբաջանյան

ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը միագործոն, միագիծ ակտ չէ, այն բազմաշերտ, բազմավեկտոր գործընթաց է. Արման Բաբաջանյան

Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակէնանին լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել էր նաև պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների` այդ թվում Հայոց ցեղասպանության հուշարձանի նկատմամբ կատարված վանդալիզմի մասին: Մամլո խոսնակի հնչեցրած «Ցեղասպանություն» բառը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել: Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը «ՉԻ» հետ զրույցում անդրադարձել է այդ թեմային և մի շարք հետաքրքիր դիտարկումներ կատարել:

- Պարոն Բաբաջանյան, նախօրեին Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակէնանին, լրագրողների հետ հերթական հարցուպատասխանի ընթացքում խոսելով Միացյալ Նահանգներում առկա գործընթացների և «Black Lives Matter» կարգախոսի ներքո ընթացող ցույցերի մասին, բարձրաձայնել է նաև պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների` այդ թվում Հայոց ցեղասպանության հուշարձանի նկատմամբ կատարված վանդալիզմի մասին: «Ցեղասպանություն» բառի արտաբերումը խոսնակի կողմից տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ: Ձեր դիտարկումներն այս անչությամբ ինչպիսի՞ն են:

- Պետք է ասեմ, որ այդ հայտարարությունից հետո Հայաստանում և Սփյուռքում տարածվեց ոգևորության մեծ ալիք, հայտարարություններ հնչեցին, թե այդպիսով ԱՄՆ-ը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և այլն։ Այդ վերաբերմունքն, իհարկե, չափազանցված էր, քանի որ Սպիտակ տան խոսնակն ընդամենը արտաբերել էր «ցեղասպանություն» եզրը։ Դրանից հետո Սպիտակ տունը և պետքարտուղարությունը հայտարարեցին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել։ Եթե իրերը դիտարկենք այս տարամաբանության մեջ, ապա պետք է արձանագրենք, որ տեղի է ունեցել ընդամենը լեզվի սայթաքում Սպիտակ տան խոսնակի կողմից։ Մյուս կողմից սակայն, Սպիտակ տան և Պետքարտուղարության հայտարարություններում ընդամենը նշված էր, որ Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել, այդ հայտարարություններից ոչ մեկում տեղ չէր գտել պարզաբանում, որ Սպիտակ տան խոսնակը սխալ է թույլ տվել։ Իսկ դա թույլ է տալիս ենթադրել, որ գուցե գործ ունենք շատ ավելի խորքային գործընթացի հետ, որի տրամաբանության մեջ էլ տեղավորվում է Սպիտակ տան խոսնակի «լեզվի սայթաքումը»։ Քաղաքականությունն ընդհանրապես, աշխարհաքաղաքականությունն ու արտաքին քաղաքականությունը մասնավորապես՝ իրականացվում են բազմաթիվ հրապարակային ու ստվերային, ուղղակի և անուղղակի ազդեցության տեխնոլոգիաներով։ Եվ այդ տեսանկյունից առնվազն գոյության իրավունք կարող է ունենալ այն վարկածը, որ Սպիտակ տան խոսնակի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության օգտագործումը իրականում կանխամտածված քայլ էր՝ գուցե առաջիկայում կատարվելիք ինչ-ինչ գործողությունների համար հող նախապատրաստելու կամ առնվազն հանրային կարծիքի ստուգման նպատակով։ 

- Տարիներ շարունակ ապրիլի 24-ին Հայաստանին ուղղված ուղերձներում ԱՄՆ նախագահները խուսափել են օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը: Այս առիթը կարո՞ղ է ևս մեկ հնարավորություն դառնալ բարձրաձայնելու Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:

- ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը միագործոն, միագիծ ակտ չէ, այն բազմաշերտ, բազմավեկտոր գործընթաց է, իսկ ԱՄՆ-ի նախագահի կողմից այդ բառի օգտագործումն այդ գործընթացի սոսկ երևացող արտահայտությունն է։ Իսկ գործընթացի առումով մենք կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ում հատկապես վերջին տարիներին այդ ուղղությամբ տեղի են ունենում բավական շոշափելի փոփոխություններ։ ԱՄՆ-ի տասնյակ նահանգներ նահանգային մակարդակով ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, իսկ դրա գագաթնակետը պետք է համարել նախորդ տարի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ու Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչն աննախադեպ քայլ էր տասնամյակների կտրվածքով։

Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի քաղաքական համակարգում, իսթեբլիշմենթի տարբեր մակարդակներում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը օրակարգային կարևոր հարցերից մեկն է և պետք չէ բացառել, որ առաջիկայում այն կարող է դառնալ նաև Սպիտակ տան դիրքորոշումը։ Ինչպես նշեցի, սա բազմագործոն, բազմաշերտ գործընթաց է և պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով, այդ թվում և առաջին հերթին ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններով, որոնցում արձանագրված կնճիռներն էլ առիթ հանդիսացան անցած տարի օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման համար։ Սա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա ազդող մի ուղղություն է, որում մեր՝ Հայաստանի ազդեցությունը գրեթե զրոյական է։ Բայց կա նաև այլ իրողություն՝ Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակությունը։ Հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո այդ դերն էականորեն փոխվել է, ժողովրդավարական ու ազատ Հայաստանը աշխարհի, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար այլևս ունի միանգամայն այլ ռեգինալ նշանակություն։ Իսկ դա նշանակում է, որ այո, նաև որպես Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն չպետք է բացառել Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Ահա այս ուղղությամբ, սակայն, արդեն մեզանից պահանջվում է հսկայական աշխատանք՝ ինչպես պաշտոնական ու խորհրդարանական դիվանագիտության խողովակներով, այնպես էլ Սփյուռքի, հայկական լոբբիի մակարդակով։ Այդ աշխատանքի դեպքում ես չեմ բացառում, որ տեսանելի ապագայում նաև ԱՄՆ-ի նախագահի կողմից կարող է հնչել «Ցեղասպանություն» բառը։ 

- Հնարավո՞ր է, որ ԱՄՆ պաշտոնական խոսափողից հնչած խոսքերը ազդեցություն ունենան Թրամփի վարչակազմի վրա:

- Ես արդեն խոսեցի բոլոր այն գործոնների ու հանգամանքների մասին, որոնք կարող են ազդել և ազդում են Սպիտակ տան և Թրամփի պաշտոնական դիրքորոշման վրա։ Չեմ ցանկանում անհարկի լավատեսություն ցուցաբերել, այդ պատճառով ավելի պատեհ եմ համարում արձանագրել, որ ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի քաղաքական համակարգում ակտիվ գործընթացներ են ծավալվում, որոնք, այո, ժամանակի ու տարածության մեջ կարող են նաև վերջնական ազդեցություն ունենալ երկրի նախագահի դիրքորոշման վրա։ 

- Հայաստանի արտգործնախարարությունը պե՞տք է արձագանքի և ինչպե՞ս պետք է արձագանքի տեղի ունեցածին՝ պատմական ճշմարտությունը բարձրաձայնելու փաստին:

- Կարծում եմ, որ Հայաստանի արտգործնախարարության զուսպ դիրքորոշումն այս հարցում արդարացված էր, քանի որ հակառակը կարող էր անհարմար դրության մեջ դնել մեր երկրին։ Պատկերացրեք՝ ՀՀ ԱԳՆ-ն անմիջապես ողջուներ Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը և դրանից ժամեր անց հրապակվեին նույն Սպիտակ տան ու պետքարտուղարության հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում մնացել է անփոփոխ։ Դա չափազանց անհրամար կլիներ մեզ համար։ Հետևաբար ԱԳՆ-ի մոտեցումը, կարծում եմ, արդարացված էր։ 

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1863 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ