...

Անցյալում՝ «կակաչ-կանեփ», հիմա «մեկ բարձրաստիճան պաշտոնյայի պաշտամունքի» օպերացիա

Անցյալում՝ «կակաչ-կանեփ», հիմա «մեկ բարձրաստիճան պաշտոնյայի պաշտամունքի» օպերացիա

Ոստիկանությունը նոր զբաղմունք է գտել` օպերատիվ գործողություններ իրականացնելով՝ հայտնաբերել այն քաղաքացիներին, որոնք հայհոյել են բարձրաստիճան պաշտոնյային։ Ո՞ւմ՝ գաղտնի է պահվում։ Չէ, չծիծաղեք, սա հրապարկված փաստ է։ «Aravot.am»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում նյութեր են նախապատրաստվում ու նաև միջոցներ ձեռնարկվում պաշտոնյաներին ծանր վիրավորանք հասցրած օգտատերերին հայտնաբերելու ուղղությամբ։ «Հետաքրքիրն այն է, որ այդ օգտատերերն այս դեպքում ոչ թե գրառումներ են կատարել իրենց էջերում, այլ մեկնաբանություն են թողել լրատվական տարբեր կայքերի նյութերի տակ»,- գրել է պարբերականը՝ ներկայացնելով երկու օրինակ։ Ոստիկանության «Մուշ» բաժնում նախապատրաստվում են նյութեր ու միջոցառումներ Անի թաղամասի բնակիչ Ա․ Ասատրյանին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ նա փետրվարի 22-ին «1in.am» կայքի ֆեյսբուքյան էջի հրապարակման տակ ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է գրել բարձրաստիճան պաշտոնատար անձի հասցեին: «Կումայր»-ի բաժնում միջոցառումներ են ձեռնարկվում Գյումրի քաղաքի բնակիչ Կ․ Գյոդակյանին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ նա փետրվարի 20-ին «News.am» կայքի ֆեյսբուքյան էջի հրապարակման տակ ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է գրել բարձրաստիճան պաշտոնատար անձի հասցեին։ Լրագրողը խոստացել է առաջիկայում պարզել, թե ովքե՞ր են այդ բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ մինչ այդ արձանագրել է, որ  ծանր վիրավորանք հասցնելու մեջ կասկածվող քաղաքացիները չեն աշխատում։

Լրատվական կայքերի ֆեյսբուքյան էջերը, առանձին բացառություններով, գազանանոց են հիշեցնում։ Հարյուրավոր քոմենթների 90 տոկոսը հայհոյանք է, էժանագին բամբասանք, որն ուղեկցվում է լեզվի բռնաբարությամբ։ Դիվանին պառկած, հիմնականում աշխատանք չունեցող մարդկանց մի խավ կա, որը ոչինչ չունի կորցնելու։ Առավոտից իրիկուն հայհոյում է, որ պարապությունից ինքնասպան չլինի։ Բայց սա դեռ չի նշանակում, որ ոստիկանությունը պետք է մարդկային ռեսուրս ու այլ միջոցներ ծախսի նրանց հայտնաբերման ուղղությամբ։ Հանցավորության մակարդակը երկրում աճում է այն նույն արագությամբ, ինչ բնակարանների վարձակալության թվերը։ Սրա մասին մտածելու, հանցածին մթնոլորտը լիցքաթափելու փոխարեն՝ ոստիկանությունը որոշել է լուրջ դեմքով թիթեռ նկարել։ Թիթեռ՝ թիթեռ, մենք էլ առաջարկում ենք ֆեյսբուքում բարձրաստիճան պաշտոնյային հայհոյող քաղաքացիներին հայտնաբերելու օպերացիան անվանել այսպես՝ «Մեկ բարձրաստիճան պաշտոնյայի պաշտամունքի օպերացիա»։ Դրա համար պարբերականություն սահմանել՝ ամիսը 30, որոշ դեպքերում 31 օր։ Ձեռքբերումների ամփոփումը պլանավորել եռամսակային ձևաչափով։ Հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ առանձին տողով անդրադառնալ օպերացիայի ֆինանսավորման հարցին։ Վստահաբար գործադիրը հավանություն կտա, իսկ մեկ բարձրաստիճան պաշտոնյան հերթական աննախադեպը կգրանցի։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1198 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ