...

Անկախությունը լավ ու վատ դաշնակիցներով չի չափվում

Անկախությունը լավ ու վատ դաշնակիցներով չի չափվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում Փաշինյանը ներկայացրել է իր պատկերացումները անկախության մասին՝ նշելով, որ Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»,- թվարկված պատկերացումների շարքում արձանագրել է վարչապետը:

Ուստի՞։ Ի՞նչ պետք է անել՝ մուննաթ գալ դաշնակիցների վրա, քֆուր դնել, որ հանկարծ քո թշնամու հետ չդաշնակցի, նեղանալ և սկսել նոր դաշնակիցների փնտրտո՞ւքը, թե՞ կախել ականջներն ու սպասել մինչև քո դաշնակիցը այլ դաշնակիցներ գտնի ու սկսի քեզ ստորացնել։ Դժվար է ասել, թե Փաշինյանն այս տարբերակներից որին է հակված, գուցե ինքն ավելի ինքնատիպ տարբերակ ունի մտքում պահած, որն ասելու բան չէ։ Չգիտենք, բայց անկախություն նվաճում և կարողանում են պահել այն պետությունները, որոնք կարողանում են ռացիոնալ հաշվարկել շահերը, նվազագույնը զիջելով՝ հասնել առավելագույն արդյունքի, երբեմն՝ հոխորտալու փոխարեն լռել, ազնիվ լինել դաշնակցի նկատմամբ ու պահել քաղաքական միտքը ռեալության պուլսի վրա։ Անկախությունը պատասխանատվություն է, մեղքը գիտակցելու կամք է, քաղաքացիների նկատմամբ պետության ստանձնած սոցիալական-իրավական ֆունկցիայի գերադասումն է ամենքից ու ամեն ինչից։ Այդպես չէր մինչ հեղափոխությունը, այդպես չէ հիմա։ 

Ասում էինք՝ Արցախում անկախության սերունդ է մեծացել ու որևէ մեկը չի կարող պատկերացնել, որ ինքն ապրելու է Ադրբեջանի կազմում, նույնը՝ Հայաստանի անկախության սերնդին էր վերագրվում։ Եվ դա ասում-վստահեցնում էին անկախության գինը իբր իմացող, դրա համար տասնամյակներով պայքարողները։ Միֆը փշրվեց, անկախ լինել-ապրելու ցանկությունը դարձավ անէական, որովհետև անզգուշաբար անկախությունը վստահեցինք բոբիկ բախտախնդիրներին։ Ու հետո, երբ ամեն բան փչացրին, սկսեցին մուննաթ գալ ու բոլորիս համոզել, թե վատն են եղել մեր դաշնակիցները, իսկ մենք ահա էշի ականջում քնած՝ չենք իմացել ողջ ճշմարտությունը։ Հիմա իրենք եկել ու բացել են մեր աչքերը՝ հորելով անկախ լինել-ապրելու սպասումները։ Բայց ապագա կա, կա ապագա, ոչինչ, որ այդ պատկերից մի շատ փոքրիկ դետալ՝ անկախություն անունով, լղոզված է։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ