...

Մեկ ձայնագրողի ու ձայնագրվողների պայմանագիր

Մեկ ձայնագրողի ու ձայնագրվողների պայմանագիր

ՔՊ-ականները կասկածներ ունեն, որ անցած շաբաթ-կիրակի օրերին իրենցից շատերի հեռախոսներում հայտնի «Պեգասուս» գաղտնալսման ծրագիրն են «նստեցրել»։ Այս մասին տեղեկացրել է «Հրապարակ» թերթը՝ նշելով, որ ՔՊ իրենց աղբյուրը չի բացառել, որ դա պայմանավորված է ՔՊ վարչության ընտրությունների կեղծիքներով։ Համաձայն հրապարակման՝ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը թիմի հանդեպ էլ ավելի է խորացել, և նա որոշել է «կոնտրոլի» տակ պահել շատերին։ Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները առգրավել են ՔՊ ընտրությունները վերահսկող տեսանկարահանման խցիկները, որպեսզի պարզեն, թե ինչ է կատարվել։

ՔՊ ներսում կատարվածը ընդամենը առիթ է, որպեսզի Փաշինյանը սկսի գաղտնալսել իր այն կուսակիցներին, որոնց հետ լուռ հակամարտության մեջ է։ Սա՝ իմիջիայլոց։ Ինչ վերաբերում է ՔՊ ներսում կատարվողին, ապա կուսակցության մեր աղբյուրներն էլ իրենց հերթին փոխանցում են, որ ի սկզբանե Փաշինյանը որոշում է ունեցել վարչության կազմից դուրս թողնել Արսեն Թորոսյանին։ Նրա դեմ ոչ միայն կուսակցության ներսում է արշավ կազմակերպվել, այլև հակամարտությունը տեղափոխվել է «բաց դաշտ»՝ անբարենպաստ հրապարակումների և ինֆորմացիոն արտահոսքերի տեսքով։ Սակայն Թորոսյանը կարողացել է ինչ-ինչ ձևերով ազդել Փաշինյանի որոշման վրա։ Չի բացառվում, որ նա կոմպրոմատի լեզուն է բանեցրել կամ էլ նրա միջազգային «գործընկերներն» են ՔՊ ղեկավարին հասկացրել, որ հրաժարվի Թորոսյանին վարչության կազմից դուրս մղելու որոշումից։ Փաշինյանը ելք չի ունեցել և ստեղծված իրավիճակում հիմա էլ փորձում է տպավորություն թողնել, թե իր կուսակցության ներսում էլ թափանցիկության և լեգիտիմ ընտրության ժողովրդավարական սկզբունքներն է պաշտպանում։ 

Ինչ վերաբերում է գաղտնալսման մասին խոսակցություններին և դրանից ահաբեկվողներին, ապա ամեն ինչ օրինաչափ է։ Իրենք են համաձայնել քծնել, չքննադատել, մշտապես ծափահարել առաջնորդին, մի խոսքով՝ զիջել իրենց բոլոր իրավունքները՝ հանուն փողկապավորի կարգավիճակի ու դրա տված բարիքների։ 

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   524 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ