...

Լայվի հրամայականը

Լայվի հրամայականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանի, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի հետ: Օրվա վերջում պատկերն ամբողջացել է Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպման փաստով։ 

Հուսանք Տիգրան Արզաքանցյանի առաջիկա լայվերից կամ Տիգրան Խզմալյանի առաջիկա գրառումներից կտեղեկանանք աշխարհաքաղաքական այն հարցերի քննարկման օրակարգին, որոնց անդրադարձ է եղել վարչապետի հետ հանդիպման շրջանակներում։ Իսկ այ վարչապետ-նախագահ հանդիպման օրակարգից որոշ մանրամասներ հրապարակվել են։ Խաչատուրյանն իր հիացմունքն է հայտնել երկրի տնտեսական հաջողությունների մասով։ Ոչ միայն հիացմունքը, այլև զարմանքը։ «Տնտեսական առումով կառավարության ձեռքբերումները շատ ակնառու են: Այստեղ Ձեր և կառավարության ներդրումը շատ մեծ է: Ես անընդհատ հետևել եմ, արդեն ինչ-որ ժամանակ կառավարության անդամ չեմ, բայց մասնագիտական իմ հետաքրքրությունների շրջանակում ասեմ, որ շատ քիչ երկրներ կան, որ այսպիսի հաջողություններ են արձանագրել, շատ քիչ երկրներ կան, որ համաշխարհային տնտեսական ծանր պայմաններում կարողացել են իրենց հնարավորությունները մաքսիմալ օգտագործել»,- արձանագրել է ՀՀ նախագահը: Փաշինյանն էլ շոյվել է այս գնահատականներից, մի քանի անգամ շնորհակալ է եղել Խաչատուրյանին, որը գնահատել ու տեսել է անտեսանելին։ Կարճ ասած՝ պետությունը հուսալի ձեռքերում է, եթե այսքան մտածող մարդիկ կարողացել են համախմբվել ու տարբեր ուղղություններով քննարկում անցկացնել, ուրեմն՝ առաջիկայում մի դուռ կբացվի։ Չբացվի էլ՝ լայվերի հարուստ-հումորային տեսականի կունենանք։ Ապրի Փաշինյանը։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ