...

Աննա Դանիբեկյանի ոդիսականը

Աննա Դանիբեկյանի ոդիսականը

2056 թվականն է։ Ինքը Գինեսի ռեկորդների գրանցման լոնդոնյան գրասենյակում է։ Նրան ընդունել է 100-ամյա զառամյալ մի կին, որն ինչ-որ գրառումներ է կատարում։

«Ինձ պետք է գրանցեք ձեր գրքում»,- ասում է ինքը։

«Իսկ ո՞վ եք դուք»,- հարցնում է աշխատակիցը՝ չկտրվելով իր գրառումներից։

«Ես Աննա Դանիբեկյանն եմ»։ 

«Հետո՞ ինչ»,- ասում են իրեն։

«Ես 25 տարուց ավել մի գործ եմ քննում»,- ասում է ինքը։

«Ես էլ 25 տարի է նամակ եմ գրում,- հանգիստ ասում է կինը։

«Ես 250 հազար միջնորդություն եմ ստացել»,- ասում է ինքը։

«Տարիքով կին եք, մեծ ստաժ ունեք, հնարավոր է,- նույն հանդարտությամբ պատասխանում են իրեն,- ես էլ 250 հազար նամակ եմ ուղարկել»։

«Ես մեկ գործի շրջանակներում եմ այդքան միջնորդություն ստացել»,- ասում է ինքը։

«Նորմալ է,- շարունակելով գրելը ասում է կինը։- Ես էլ նույն թեմայի շուրջ եմ 250 հազար նամակ գրել»։

«Բայց ես ամեն օր 500 միջնորդություն եմ ստացել»,- ասում է ինքը։

«Պատահում է,- ասում է կինը։- Ես էլ օրական 500 նամակ եմ գրում»։

«Բայց ես աշխարհի ամենահամբերատար դատավորն եմ, գրողը տանի»,- սկսում է նյարդայնանալ ինքը։

«Ես ավելի համբերատար եմ,- պատասխանում է կինը։- Տեսեք, էլ չեմ նյարդայնանում»։

«Դուք երևի սկզբում լավ չլսեցիք,- ասում է ինքը։- Ասում եմ, 250 հազար միջնորդություն եմ ստացել մեկ գործի շրջանակներում»։ 

«Իսկ ես 250 հազար դիմում-բողոք նույն տեղն եմ ուղարկել»,- ասում է կինը։

«Հասկացա,- հանկարծ պայծառանում է ինքը։- Մի հարց կարելի՞ է»։

«Տվեք»,- ասում է կինը։

«Դուք Ձեր բոլոր նամակները ՄԻԵԴ եք ուղարկո՞ւմ»։

«ՄԻԵԴ»,- անվրդով պատասխանում է կինը։

«Ձեր ազգանունը յան-ո՞վ է վերջանում»,- հարցնում է ինքը։

«Օրիորդ ժամանակ՝ այո»,- պատասխանում է կինը։

«Դուք Ալվինա Գյուլումյա՞նն եք»,- հարցնում է Աննա Դանիբեկյանը և արթնանում ճերմակափայլ Ալումյանի հերթական ճառից հետո։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1702 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ