...

Աննախադեպ բարքեր Հ1-ում

Աննախադեպ բարքեր Հ1-ում

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը վերջերս եղել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն զրույցը չի հեռարձակվել. այս մասին տեղեկացրել է «ժողովուրդ» օրաթերթը։ Թե՛ Ռուբինյանը, թե՛ Հանրային Հ/Ը հանրային կապերի բաժինը հաստատել են տեղեկությունը՝ նշելով, թե նախ որոշվել է հարցազրույցը տեղափոխել ուրիշ օր, ապա այն կորցրել է իր ակտուալությունը։ Մինչդեռ ըստ թերթի տեղեկությունների՝ «Հանրային Հ/Ը-յանը «կուրացիա» անող կառավարական արբանյակներն են որոշել՝ հաղորդումը եթեր գնա, թե ոչ։ Թեման հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերել, ու քաղաքական իշխանությունը, նախապես ծանոթանալով արդեն իսկ տեսագրված հաղորդման բովանդակությանը, Հ/Ը-ին եթեր չտալու հանձնարարություն է տվել, ինչն էլ, փաստորեն, կատարվել է լուռ՝ առանց քննարկելու»։ 

Միանգամից փաստենք, որ առնվազն ծիծաղելի է Հ1-ի հիմնավորումը, թե հարցազրույցը կորցրել է ակտուալությունը։ Հայ-թուրքական թեմայի ակտուալությունը պարզապես չի կարող կորչել այսօրվա իրողություններով պայմանավորված։ Եվ ուրեմն՝ Հանրայինը, մեղմ ասած, ստում է։ Խելքին մոտ սուտ հորինելու նեղություն էլ չեն քաշել։ Բայց սա մի կողմ։ Հետաքրքիրն այլ հարց է՝ ի՞նչ է ասել Ռուբինյանը, որ իշխանությանն անվերապահորեն ծառայող Հանրային հեռուստաընկերությանը վերևից նման ցուցում է իջեցվել՝ չհեռարձակել որևէ դեպքում և վերջ։ Ի՞նչ դիրքորոշում են հայտնել Հանրայինին կցված ԱԱԾ աշխատակիցներն այդ հարցազրույցի առիթով, արդյոք նրանց միջամտությա՞մբ է կանխվել հեռարձակումը, թե՞ պարզապես թիմի համապատասխան «մասնագետները» հաշվարկել են, որ Ռուբինյանի հնչեցրած մտքերը կարող են ստվերել Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը։ Նշենք, որ սա իսկապես աննախադեպ է։ Մինչ այժմ գոնե մամուլին հայտնի չեն այնպիսի դեպքեր, որ Հ1-ի տաղավարում հանգրվանած բարձրաստիճան իշխանական պաշտոնյայի հարցազրույցն ամբողջությամբ հանվի եթերից։ Մոնտաժված տարբերակներ՝ այո, եղել են, բայց ամբողջականի մասին փաստեր չկան։      

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3556 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ