...

ԱԳՆ-ն հրաժարվել է գաղտնազերծել դիվանագետների ցանկը

ԱԳՆ-ն հրաժարվել է գաղտնազերծել դիվանագետների ցանկը

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում իր հետ աշխատում է աշխատանքային խումբ, որը կազմված է դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից։ Ռուբինյանը հայտնել էր, որ խորհրդակցել էր նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ, սակայն անուններ չէր նշել։ «Հետք»-ը հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե ովքեր են ներգրավված Թուրքիայի հետ բանակցությունների փորձագիտական խմբում։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Արտաքին քաղաքական գերատեսչությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ վերոնշյալ խումբը ձևավորվել է ԱԳՆ սահմանակից երկրների վարչության հիմքով, ինչպես նաև քննարկումներ են անցկացվում ոլորտային փորձագետների հետ, որոնց անձնական տվյալները չեն կարող տրամադրվել՝ առանց վերջիններիս համաձայնության»։ Դրանից հետո լրատվամիջոցը խնդրել էր ոլորտային փորձագետների հետ համաձայնեցնելուց հետո, տրամադրել նրանց անունները։ Եվ ահա նոր ստացված պատասխանը հետևյալն է․ «Խնդրանքը հնարավոր չէ իրականացնել, քանի որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նման իրավասություն չունի»։ Ըստ այդմ՝ «Հետք»-ը տրամաբանական հարց է ձևակերպել՝ «եթե ԱԳՆ-ն նման իրավասություն չունի, ապա ինչու է նախորդ հարցման պատասխանի մեջ նշում, որ «անձնական տվյալները չեն կարող տրամադրվել՝ առանց վերջիններիս համաձայնության»»։ 

Զավեշտալի ու տարօրինակ իրավիճակ է։ Եթե խումբը կա, այդ խմբում ներկայացված են որոշակի անձինք՝ նախկին ու ներկա բանակցողներ, ապա ինչո՞ւ են գաղտնի պահում խմբում ընդգրկվածների անուն-ազգանունները։ Արդյոք դա նրանց ցանկությո՞ւնն է, թե՞ ԱԳՆ-ն է որոշել «չգաղտնազերծել» ցանկը։ Եթե այդպես է, ապա պետք է հասկանալ պատճառները։ Իսկ գուցե իրականում որևէ խումբ չկա՞, և Ռուբինյանը պարզապես այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել պահի ազդեցության տակ՝ ընդդիմախոսներին հանգստացնելու համար, թե ինքը ոտաբոբիկ չի մեկնում Թուրքիա։ Եվ հիմա ԱԳՆ-ին դժվար է ներկայացնել մի բան, որն իրականում չկա։ Ի դեպ՝ արդեն ամիսներ է, որ հայ-թուրքական հարաբերությունների թեման օրակարգային է դարձել Հայաստանում, ինչ-որ իմաստով այն ստվերել է անգամ Արցախի շուրջ ընթացող իրադարձությունները, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են կոնսպիրոլոգիական աշխատելաոճով գերգաղտնի պահել գործընթացի դրվագները։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ է իրեն լեգիտիմ համարող իշխանությունը, որը հավատացած է, թե այսօր էլ վայելում է հասարակության վստահության քվեն, գաղտնի գործում։ Ինչի՞ց կամ ումի՞ց է վախենում։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանելը հրատապ է։ Մինչդեռ ասում են՝ իրավասություն չունենք։ Իսկ գաղտնի գործելու իրավասություն ունե՞ք։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1317 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ