...

Հայաստանը Ադրբեջանին առաջարկ է արել, բայց ի՞նչ

Հայաստանը Ադրբեջանին առաջարկ է արել, բայց ի՞նչ

ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հարցին՝ դուք տեղեկություններ ունե՞ք, թե Հայաստանը դեմարկացիայի և դելիմիտացիայի առնչությամբ առաջարկություններ ունի Բաքվին, որի մասին որ հայտարարել է Լավրովը, պատասխանել է․ «Տեղեկություններ ունեմ, բայց կխնդրեմ այդ հարցով դիմեք ԱԳՆ-ին կամ Կառավարությանը»: (A1+)։

Օրինաչափ իրավիճակ է։ Փաստորեն Հայաստանն իսկապես առաջարկություն է արել Ադրբեջանին, բայց դրա մասին և՛ ԱԳՆ-ն, և՛ Կառավարությունը լռում են։ Վերջին մեկ տարում Հայաստանին առնչվող կարևոր իրադարձությունների մասին հայ հասարակությունը տեղեկացել է դրսերից՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, անգամ՝ Թուրքիայից։ Ամեն անգամ այդ «նորություններին» հետևել են ԱԳՆ-ի անբովանդակ հայտարարություններն ու պարզաբանումները։ Կառավարության մասով՝ Նիկոլ Փաշինյանն է մի քանի անգամ ասուլիս տվել ու պարզաբանել «նորությունները», որոնց վաղեմության ժամկետներն արդեն անցած են եղել։ Ի՞նչ է առաջարկվել Բաքվին այս դեպքում։ Հնարավո՞ր է, որ այդ առաջարկներն են հիմք տվել Ալիևին վերջին օրերին կոշտացնելու իր հայտարարությունները, թե՞ ոչ։ Ի վերջո՝ ինչո՞ւ է իշխանությունը որդեգրել ամեն բան թաքուն պահելու կամ անելու մարտավարությունը։ Ումի՞ց է վախենում Փաշինյանը՝ իրեն վստահության քվեով օժտած ժողովրդի՞ց, լեգիտիմության ճգնաժամում թաղված ընդդիմությունի՞ց, թե՞ դրսի այլ խաղացողների անակնկալ ճնշումներից։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի սպասվելիք հնարավոր մարտահրավերները քննարկելու փոխարեն, փորձագիտական շրջանակներն էլ, լրագրողներն էլ, վերլուծաբաններն էլ ստիպված են իրավիճակը վերլուծել ենթադրությունների մակարդակով։ Գաղտնիության պայմաններում մնում է ենթադրել ու հանրային կարծիք մոդելավորել բացառապես հարցադրումներ ձևակերպելով։ Մեկ-մեկ մտածում է առաջանում, թե մենք ոչ թե պետություն ենք, այլ տունտունիկ ենք խաղում՝ պետության թեմայով։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1339 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ