...

Անտի-իրավաբանը

Անտի-իրավաբանը

«Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը, Ջալալ Հարությունյանը, Զոհրաբ Մնացականյանը և Արայիկ Հարությունյանը «այլևս ավարտված մարդիկ են, չունեն ոչ մի հեռանկար, բայց կարող են կոնկրետ գործողություններով մեղմել իրենց մեղքը՝ հանրությանը ներկայացնելով վերջին 3.5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված հակապետական և դավաճանական որոշումներն ու դրանց հետևանքները»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքի էջում։ Նա առաջարկել է նշված անձանց՝ «Մեկ հրապարակային ցուցմունք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված ապօրինի և դավաճանական հրամանների մասին և մեկ կոնկրետ փաստ» հրապարակել: Պատգամավորը եզրակացրել է, որ սա կլինի «հեղափոխականների» ինքնախոստովանական ցուցմունք, ինչը կդիտարկվի որպես հանցանքը մեղմացնող հանգամանք։

Նման բոցաշունչ ելույթները մի տեսակ հնացած և անլուրջ են։ Այսօրինակ հայտարարությունները միայն ֆոնային խնդիր են լուծում, թե տեսեք՝ խորհրդարանական ընդդիմությունը անզիջում պայքարի է դուրս եկել փաշինյանականների դեմ։ Ի դեպ՝ ելույթ ունեցողը իրավաբանական կրթություն ունի, 2004-2008 թվականներին աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմում, եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։ Ավելին՝ Ղազինյանը 2009-2010 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ Հիմա էլ պատգամավոր է դարձել ու հրապարակային դատավարություն է իրականացնում՝ «վկաներին» դարձնում է «մեղադրյալներ» ու գործարք է առաջարկում։ Դեռ լավ է, որ առաջարկում է ինքնակամ գրել. կարող էր, չէ՞, ավելի դաժան գտնվել ու ասել, թե պետք է ազգովի ցուցմունք «կորզենք»։ Հույսը ո՞ւմ կամ ինչի՞ վրա է դրել Ղազինյանը, իր գործն է, բայց սպասվելիք իրավական գործընթացի լրջությունն այսքան հեշտորեն անլրջացնելը պատիվ չի բերում այս պատգամավորին։ Վայ, մոռացանք՝ «պատիվ ունեմ»-ը ՀՀԿ-ի կարգախոսն էր, որտեղ հայտնվելու համար երկար էր եղել Ղազինյանի ճանապարհը։ Երկար ու տխուր։  

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1612 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ