...

Ապաքաղաքական բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Ապաքաղաքական բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար․․․

- Հա, բայց պայմանը պայման է, քաղաքական հարցեր չեք տալու։

- Բայց ինչո՞ւ։

- Որովհետև ես քաղաքական գործընթացների ոչ հիմնական պատասխանատուն եմ, ոչ հիմնական մեղավորը, ես հիմնական շահառուն եմ։

- Լավ, հարցն այսպես ձևակերպեմ։ Ո՞րն եք համարում վերջին չորսուկես տարիների Ձեր ամենամեծ ձեռքբերումը։

- Ստոր հերյուրանքներ են, ես Կանադայի այդ առանձնատան հետ ընդհանրապես կապ չունեմ, ուրիշի անունով է։

- Առանձնատուն ասացիք՝ հիշեցի։ Ձեր կառավարական առանձնատան համար բյուջեից ահռելի գումար է հատկացվել․․․

- Դե բա տուն ա, վինտիլ ա փչանում, լամպուշկա յա վառվում․․․ 

- Բայց տարեկան 1,4 միլիոն դոլա՞ր։

- Դե ցավոք՝ բյուջեի հնարավորություններն այդքան են։ Ի՞նչ արած, ստիպված ենք գոտիներս ձգել։

- Լավ, եթե ամենամեծ ձեռքբերման մասին չխոսեցիք՝ գոնե կնշե՞ք վերջին չորսուկես տարիների Ձեր ամենամեծ կորուստը։

- Ցավոք՝ կորուստներ շատ են եղել։ Ժամացույցս, նոթբուքիս զարյադըչնիկը, Աննան ինքնաթիռում «Երկիր Նաիրի» գիրքն է կորցրել, մի բան էլ կար, էս պահին մոռացա․․․ Հա՛, ՀՀ-ից 200 քառակուսի կիլոմետր տարածք, Սև լիճը․․․ 

- Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ անձնական ողբերգությունը։

- Էսօրվա պես հիշում եմ։ Վահիկը Իջևանից մի շիշ հոնի արաղ էր ուղարկել, էն էլ ինչ արաղ՝ թունդ, մաքուր, զուլալ․․․ Բայց Աննան իմացել էր, թե ջուր ա, ու թափել էր․․․ 

- Պրն Փաշինյան․․․ 

- Որ լցնում էիր բաժակի մեջ՝ օղակներ էր կապում․․․ 

- Պրն Փաշինյան․․․ 

- Ասա՝ տնաշեն, գոնե թափելուց առաջ մի կես բերան հարցնեիր․․․ 

- Լավ, իսկ ո՞րն է եղել Ձեր ամենաերջանիկ ակնթարթը։

- Զանգեցի Վահիկին, պատմեցի, ասաց՝ դարդ մի արա, նորից կուղարկեմ։

- Իսկ ո՞րն է եղել Ձեր ամենամեծ հիասթափությունը։

- Էդ նորից ուղարկածը հոնի չէր, դամբուլի էր։

- Լավ, անցնենք մշակութային հարցերին։ Ձեր ամենասիրած գրական ստեղծագործությունը։ Բացի, իհարկե, «Քաջ Նազարից»։

- Բայց «Քաջ Նազարն» ինձ համար ոչ թե սոսկ գրական ստեղծագործություն է, այլ գործունեության ուղեցույց։ Իսկ նախընտրելի գիրք չունեմ։ Արդեն մի քանի տարի է, ինչ բանկային գրքույկները վերացել են, չէ՞, հիմա ամեն ինչ թվային է։

- Ձեր սիրած նկարիչն ու կտավը։ 

- Սիրած նկարիչը․․․ Դե հույս ունեմ՝ Հովակիմյան Վահագը կարդարացնի ակնկալիքները։ Իսկ սիրածս կտավը Մալևիչի «Սև եռանկյունին» է։

- Թե՞ քառակուսին։

- Հա, վայ, ճիշտ ա, «Եռանկյունին» էն Ֆրունզիկի կինոն ա, Թումանյանի սցենարով։

- Ձեր սիրած երգը։

-«Շոմազ Գովոն»։

- Ո՞վ։ Հա, երևի նկատի ունեք «Show must go on»։ Ձեր սիրած ուտելիքը։

- Էդ լավ հիշեցրեցիք։ Բերեք այսքանով սահմանափակվենք, շատ կարևոր գործեր ունեմ։

- Շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   45384 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ