ԾԱՓ ՏՎԵՔ, ԱՐԱ՛
Անդրադառնալով «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած հայտնի պրեմիերային՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Դա աբսուրդ է, կինոթատրոնի կռիշին ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»։
«Մոսկվա» կինոթատրոնն էլ իր հերթին պարզաբանել է, որ այդ բեմադրության հետ որևէ կապ չունի, դա պրեմիերայի կազմակերպիչներն են արել, բայց հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած նկատառումները՝ իրենք «հետագայում նման իրավիճակներում առավել հետևողականություն կդրսևորեն»։
«ՉԻ»․ Այն, որ Նիկոլ Փաշինյանը հավասարության նշան է դնում Արցախը պաշտպանած հայ զինվորների և ահաբեկիչ Նաիրի Հունանյանի միջև՝ հասկանալի է։ Նրա տրամաբանությամբ՝ հայ զինվորները, Արցախը պաշտպանելով, Հայաստանի դեմ ահաբեկչություն են իրականացրել, որովհետև թույլ չեն տվել կտրել «մեր ինքնիշխանության վզից կապված թոկը»։ Իսկ ադրբեջանցիները, հակառակը, Արցախը ոչնչացնելով՝ մեզ ինքնիշխանություն են պարգևել։ Հետևաբար՝ ըստ Նիկոլ Փաշինյանի «Նոր Հայաստանի» գաղափարախոսության, կինոթատրոնի կռիշին ավտոմատներով պարողները պիտի «Յաշմա»-ի համազգեստով լինեին ու պարելու ընթացքում գոռային «Քյարբի Ազարբայջանըն Իրևան բիզիմդիր»։
Ինչ վերաբերում է «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությանը, ապա երկար-բարակ պարզաբանմամբ Նիկոլ Փաշինյանի զայրույթը մեղմելու փորձերի փոխարեն կարող էին ընդամենը տեղեկացնել, որ պատրաստ են կառուցողական քննարկումներ սկսել կինոթատրոնը «Անկարա» վերանվանելու հարցի շուրջ, իսկ շենքի հավատարմագրային կառավարումը ժամանակավորապես հանձնել առաջին պատահած Ռոմանոս Պետրոսյանին։