...

Առանց մանդատ «Հա-յաս-տան»

Առանց մանդատ «Հա-յաս-տան»

«Սույն թվականի հուլիսի 14-ին ՔՊ-ն նախաձեռնել է ընդդիմադիր երկու խմբակցությունների ԲՈԼՈՐ պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ: Կրկնում եմ ԲՈԼՈՐ, բացի Իշխան Զաքարյանից և Թագուհի Թովմասյանից»,- ֆեյսբուքում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։ Իր հերթին «Aravot.am»-ը տեղեկացրել է, որ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը դրված էր եղել ԱԺ կայքում, հետո այն հանվել է։ Կայքի լրագրողը փորձել է ընդդիմադիր խմբակցությունների հետագա քայլերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներից։ «Մեր հեռախոսազանգերը հիմնականում անպատասխան մնացին կամ պատասխանի արժանանալու դեպքում էլ՝ հարցերն անպատասխան մնացին»,- եզրափակել է կայքը։

Ի՞նչ կամ ինչպե՞ս մեկնաբանեն։ Օրը հարյուր անգամ ասել են, թե մանդատներն իրենց համար կարևոր չեն, բայց ամենավճռական պահին կռիվ են տվել մանդատ պահելու համար։ Մեկը տեղեկանք է բերել, թե իր բացակայությունները հարգելի են, մյուսը մարդ է մեջ գցել ՔՊ-ից, որ իրենից «յան տան», երրորդը չկողմնորոշված հավի պես առավոտ մի բան է ասել, երեկոյան՝ դրա հակառակը։ Հրապարակային ասել են, թե խորհրդարանում անելիք չունեն, հիմա էլ ազնվություն չունեն խմբագրելու իրենց ասածն ու հայտարարելու, թե սխալվել են՝ անելիք ունեն՝ դեռ աշխատավարձ ու պարգևավճար «ստանալու կա»։ Առաջ սահմանադրական ճգնաժամ առաջացնելուց էին խոսում, հիմա իրենք են իրենց համար ճգնաժամ առաջացրել։ Իշխանությունն էլ երևի որոշել է ճգնաժամի դեմն առնել։ Ինչու ոչ՝ առաջին փուլը ստացվել է, հիմա երկրորդ փուլի մեկնարկ է պետք։ ԱԺ-ն հրապարակային դաշտում կռիվ-կռիվ կխաղա, իսկ լրջագույն գործընթացների հարթակը կդառնա հետնաբեմը։ Վերջում բոլորը բոլորին շնորհակալություն կասեն, բայց հետնաբեմում, դեսպանատան հավաքույթում, փաբում կամ էլ մոտակա կուրորտում։  

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ