...

Կարևորը պարգևավճարը չբոյկոտեն

Կարևորը պարգևավճարը չբոյկոտեն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների՝ 44-օրյա պատերազմի հարցերով ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Խորհրդարանական երկու խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ հայտարարելով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ «ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում։ Հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»,- նշված է հայտարարությունում։ Եվ այնուամենայնիվ, «44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը»,- ասված է հայտարարությունում:

Խորհրդարանական ընդդիմությունն, անշուշտ, իր հաշվարկներն ունի՝ չմասնակցելու այս գործընթացին։ Մյուս կողմից էլ, եթե այս ուժերը բացառում են իրենց մասնակցությունը, հարց է առաջանում՝ էլ ինչո՞ւ են մանդատ վերցրել և զբաղեցրել ԱԺ աթոռները։ Միայն էժանագին շոուների համա՞ր։ Գնայիք, մասնակցեիք, եթե պետք էր, կռիվ տայիք ու հասարակությանը բացատրեիք, թե ո՞ր հարցերում է իշխանությունը խաբել ու խաբում, մանիպուլյացիա կիրառել ու կիրառում կամ կոծկում իրականությունը։ Հաստատապես ահռելի նյութ կլիներ, որի ներկայացումը ահագին հարցերի պատասխաններ կտար։ Մինչդեռ, խորհրդարանական ընդդիմությունն իրեն դուրս է դնում քաղաքական այս գործընթացից՝ հենց թեկուզ իր ընտրազանգվածին զրկելով իրենց իսկ միջոցով տեղեկատվություն ստանալու կարևոր հնարավորությունից։ Ավելորդ գլխացավանքից է խուսափո՞ւմ, թե՞ համապատասխան բազա չունի մասնակցության համար։ Երկու դեպքում էլ խնդրի էությունը չի փոխվում։ Բայց եթե նման կարևոր գործընթացից ընդդիմադիրները իրենց դուրս են դնում, ապա էլ ի՞նչ է մնում անելու՝ աշխատավարձ ու պարգևավճար ստանալ ու մերթընդմերթ ճվճվա՞լ։ Երևի հենց այդքանը։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ