...

Առաքելություն ձախողածը

Առաքելություն ձախողածը

Հեղափոխության առաջին օրվանից խոսվում է նոր իշխանության կադրային սովի մասին: Դա առավել քան ակնհայտ երևաց իշխող ուժի խորհրդարանական խմբակցությունը կազմավորելիս:

ԱԺ-ն ունի 12 մշտական հանձնաժողով և որքան էլ զավեշտալի է, օպտիմալացման ջատագով իշխանությունը մեկով ավելացրեց հանձնաժողովների քանակը՝ նախորդ գումարման խորհրդարանների համեմատ: 12 հանձնաժողովն էլ ունեն նույն իրավասությունները, սակայն կա հստակ համոզմունք՝ օրենսդիր մարմնի գլխավոր մշտական հանձնաժողովը՝ պետաիրավական հանձնաժողովն է: Այս հանձնաժողովով է անցնում օրենքների գերակշիռ մասը: Այստեղ է ամենից հաճախ եզրակացություն տրվում՝ նախագիծը հնարավորություն ունի՞ դառնալու օրենք: 

Եվ ահա, այդ հանձնաժողովի նախագահ է ընտրվում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Հատկանշական է, որ նրան նախկին պաշտոնում նշանակել էր Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահ դառնալուց անմիջապես հետո: Սովորաբար, աշխատակազմերի ղեկավար նշանակում են մեկին, ում նկատմամբ ունեն անվերապահ վստահություն: 

Եվ եկանք մի հանգրվանի, երբ իշխանությունը Հրայր Թովմասյանի հետ 1.5 տարի սիլի-բիլի անելուց հետո, այնուամենայնիվ, որոշեց նրան ուղարկել տուն: Եվ որքան էլ զավեշտալի անհավատալի թվա, այդ կարևորագույն առաքելությունը հանձնարարեց Թովմասյանի նախկին ենթակային՝ Վլադիմիր Վարդանյանին: Նրան վստահվեց պաշտոնանկ անել մեկին, ում պարտական էր պաշտոնական առաջխաղացման համար:

Այս պահին դժվար է ասել՝ Վարդանյանը միտումնավոր, թե գիտելիքների պակասի պատճառով Թովմասյանից ազատվելու գործը տարավ մի ուղղությամբ, որը շատերի կարծիքով ի սկզբանե դատապարտված էր: ՍԴ-ն պարզապես վարույթ չընդունեց միջնորդությունը՝ այդ թվում հղում անելով ժամկետների խախտմանը: Մի բան, որ կես բերան ընդունում է նաև Վարդանյանը:

Բայց Վարդանյանը ոչ միայն ձախողեց միջնորդությունը, այլև արեց ավելի վտանգավոր բան՝ որոշակիորեն շրջանառությունից հանելով ամենակարևոր փաստարկը՝ ՍԴ-ի դատարանակազմության և ուստի լեգիտիմության հարցը: Այն է՝ նրանք ՍԴ անդամներ են և ոչ թե դատավորներ:

Եվ այժմ չքմեղանում է և կայքերից մեկին տված հարցազրույցում ասում. «Ավելին, նշել ենք, որ այս դիմումի շրջանակում դատավոր նշանակում է անդամ, անդամ նշանակում է դատավոր, և այս փուլում այս վեճին չենք անդրադառնում, մինչդեռ, ՍԴ-ի աշխատակարգային որոշման 16 էջից 6-ը վերաբերում է դատավոր-անդամ փոխհարաբերությանը»։ Քաղաքականությունը դերակատարային խաղեր չեն, չես կարող այսօր դիմել իբրև դատավորի, իսկ վաղը ասել, որ դու այսօր արդեն բժիշկ ես կամ ուսուցիչ: 

Իշխանությունը պետք է հետևություններ անի նման ձախողումներից, ամենակարևոր հարցերը մեկին վստահելիս՝ հասկանա նրա մասնագիտական կարողությունների չափը և հարաբերությունների խզման մակարդակը նախկին իշխանությունների հետ: Այլապես այսպիսի ձախողումները կդառնան օրինաչափություն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5868 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ