...

Արցախը որոշեց չհանձնվել․ մնում է լրջանալը

Արցախը որոշեց չհանձնվել․ մնում է լրջանալը

Արցախում կայացված որոշումն այս անգամ կարծես թե վերջնական է․ այնտեղ որոշել են կտրականապես հրաժարվել ադրբեջանական «մարդասիրական օգնությունից», այլ կերպ ասած՝ որոշել են չհանձնվել։ Համենայն դեպս Արցախի քաղաքական ղեկավարությունը, ըստ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի՝ միակամորեն, հանգել է եզրակացության, որ «մենք ճակատամարտը պարտվել ենք, բայց պատերազմը չենք պարտվել, այն շարունակվում է», Արցախն անվտանգության հարցերում կարող է հույս դնել բացառապես Պաշտպանության բանակի, պահեստազորի, աշխարհազորի և ուժային այլ կառույցների վրա, և ընդհանրապես՝ սա ազգային-ազատագրական պայքար է, որը սկսվել է դեռևս հարյուր տարի առաջ ու շարունակվում է առ այսօր, և չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը հեռանա Արցախից։

Մեծ հաշվով՝ պրն Իշխանյանը ճիշտ է ասում։ Պատերազմն Արցախի ու Հայաստանի դեմ իսկապես էլ շարունակվում է, իսկ Ադրբեջանի «մարդասիրական ակցիան» ընդամենը այդ հիբրիդային պատերազմի քարոզչական բաղադրիչներից մեկն է։ Ընդ որում՝ քարոզչական առումով կարծես թե այս փուլը նույնպես տանուլ ենք տալիս։ Որովհետև ադրբեջանցիները «մարդասիրական բեռներով» եկել-անցել են ռուսական անցակետն ու վրաններ խփել, նրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա արցախցիներն են վրաններ խփել, ու ամբողջ աշխարհին դա ներկայացվում է այնպես, թե իբր մի կողմում «ճանապարհը բացելու» և «մարդասիրական աղետը կանխելու» կողմնակից ադրբեջանցիներն են, մյուս կողմում՝ ճանապարհը փակ պահելու կողմնակից հայերը։ 

Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Արցախը որոշել է չհանձնվել, և սա կայացած փաստ է, անկախ նրանից՝ բոլորի՞ն է դուր գալիս այդ որոշումը, թե ոչ։ Ընդ որում՝ սա ընտրություն էր ոչ թե «պատերազմի և խաղաղության», այլ դիմադրության և անձնատուր լինելու կամ մեկառմիշտ հայրենիքը լքելու միջև։ Այլ հարց է՝ այդ որոշումն ընդունվել է լրջորեն և գիտակցաբա՞ր, թե՞ քարոզչական նկատառումներով կամ «ամոթու խաթեր»։ Կարող են, իհարկե, առարկել, թե «կարևորը որոշումն է, ի՞նչ տարբերություն, թե ինչպես կամ ինչու է ընդունվել»։ Ոչ, հարգելիներս, որոշման լրջությունն ամենակարևորն է։ Որովհետև եթե համարում ենք, որ սա 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարի շարունակությունն է, մենք էլ ընդամենը ճակատամարտն ենք պարտվել, և ոչ թե պատերազմը, ու հաջորդ ճակատամարտը շահելու հնարավորություն ունենք, ուրեմն առաջին հերթին պիտի վերլուծենք 1988-ից ի վեր մեր անցած ճանապարհն ու հասկանանք, թե որտեղ ենք սխալվել։ Ի՞նչ է անում լուրջ շախմատիստը պարտությունից հետո, եթե չի հանձնվում ու ձգտում է ռևանշի։ Ճիշտ է, վերլուծում է նախորդ պարտիաները։ Ի՞նչ է անում առաջին խաղակեսից հետո խոշոր հաշվով պարտվող ֆուտբոլային թիմն ընդմիջման ժամանակ։ Ճիշտ է, վերլուծում է խաղն ու փորձում հասկանալ սեփական սխալները։ Դրա փոխարեն, իհարկե, կարելի է ջարդել շախմատի խաղատախտակը կամ ծեծել առավել ձախողված ֆուտբոլիստներին, բայց այդ դեպքում, համաձայնվեք, պայքարը շարունակելու և ռևանշի հասնելու վերաբերյալ հայտարարությունները չի կարելի լուրջ ընդունել։

Հիմա հարց՝ Արցախի ներկա և նախկին նախագահների, Հայաստանի՝ այսօր տիտղոսակիր ընդդիմություն դարձած նախկին նախագահների ու ռազմահայրենասիրական ուժերի ղեկավարների շուրթերից երբևէ լսե՞լ եք որևէ լուրջ խոսակցություն անցյալի վերլուծության ու սեփական սխալների մասին։ Չեք լսել։ Հակառակը՝ բոլորի «վերլուծությունների» թեման մոտավորապես նույնն էր․ «ինչ արել ենք՝ ճիշտ ենք արել»։ Իսկ դա, համաձայնվեք, անլրջացնում է այդ մարդկանց՝ չհանձնվելու և մինչև վերջ պայքարելու որոշումը։

Մինչդեռ շատ բան չի պահանջվում։ Չհանձնվելու և մինչև վերջ պայքարելու՝ փաստացի այլընտրանք չունեցող որոշում ընդունողներից գոնե մեկնումեկը պիտի ընդամենը համարձակություն ունենա և հայտարարի, որ «այս աղետալի վիճակին հասել ենք, որովհետև ժամանակին սխալվել ենք՝ մերժելով արժանապատիվ խաղաղության հնարավորությունը, բայց եղածը եղած է, հիմա պիտի շատ ավելի ծանր պայմաններում շարունակենք պայքարը, և խոստանում ենք՝ հաջորդ անգամ, եթե երկրորդ շանս տրվի, այդպիսի ղալաթ չենք անի»։ Այ այդ դեպքում մինչև վերջ պայքարելու որոշումը լրջորեն կընկալվի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում ու Արցախում։ Երկրորդ շանսի հնարավորություն էլ գուցե իսկապես ունենանք։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   544 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ