Եվ այնուամենայնիվ ինչո՞ւ են իշխանություններն ակնհայտորեն խրախուսում ու հովանավորում արցախցիների դեմ ատելության ու թշնամանքի քարոզչությունը՝ ամեն ինչ անելով, որ նրանք օր առաջ հեռանան Հայաստանից։ Խնդիրը միայն այն չէ, որ տուն ու տեղ կորցրած 100-120 հազար արցախցիների մեծամասնությունն իր ողբերգության հիմնական մեղավոր է համարում Նիկոլ Փաշինյանին ու այդպիսով՝ պոտենցիալ «արմատական ընդդիմադիր» է։ Ոչ, ատելության քարոզն ուղղված է նաև այն արցախցիների դեմ, ովքեր այդ ողբերգության համար ավելի շատ մեղադրում են հենց ԼՂՀ վերջին իշխանություններին ու նրանց «քաղաքական պապաներին»՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Դաշնակցության։ Ոչ էլ «ղարաբաղյան կլանի» մասին դառը հիշողություններն են պատճառը, որովհետև արցախցիների 90 տոկոսը պակաս չի տուժել այդ կլանի գործունեությունից ու դրա երբեմնի լիդերներից խորշում է ոչ պակաս, քան Նիկոլ Փաշինյանից ու նրա «հեղափոխական թիմից»։
Հակաարցախյան քարոզչական այս տեռորի պատճառներն ավելի խորքային են։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի քարոզած «իրական Հայաստան» ու «նոր քաղաքացի» կերտել հնարավոր է միայն մի ձևով՝ անցյալի վրա խաչ քաշելով ու ջնջելով մարդկանց հիշողությունը։ Իսկ Հայաստանում 100-120 հազար արցախցիների ներկայության դեպքում դա հնարավոր չէ։ Ճիշտ է, Արցախի կորուստն առանց բացառության բոլորն են ցավով տարել, բայց եկեք խոստովանենք, որ այդ ցավը բոլորի համար նույնը չի եղել։ Մի՛ բան է, երբ մարդիկ ոչ միայն տուն ու տեղ, այլև բառիս բուն իմաստով հայրենիք են կորցնում, և բոլորովին այլ բան, երբ կորցրածդ ընդամենը Երևանից ահագին հեռու «սիրուն տեղ» է, որով կարելի է հպարտանալ, մեկ-մեկ գնալ ու, ասենք, Գանձասարի ֆոնին սելֆի անել ու սոցկայքերում «թիթիզանալ»․․․ Այս դեպքում արդեն կորուստդ մոտավորապես շենգեն մուլտի-վիզայի ժամկետի ավարտի պես բան է․ առաջ սելֆիներ էիր անում Էյֆելի կամ Կոլիզեյի ֆոնին ու պարծենում, և իհարկե՝ ցավալի է, որ այլևս չես կարողանալու, բայց ի՞նչ արած, հիմա էլ Դուբայ կամ Եգիպտոս կգնաս։ Նույն կերպ էլ՝ Գանձասարի փոխարեն Տաթևի ֆոնին կնկարվես, ավելի ուշ՝ գուցե Մակարավանքի, «վերջին վարիանտ»՝ Գառնի-Գեղարդը կա ու կա․․․ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ մարդիկ Արցախի կորուստը հենց այդպես էլ ընկալեն, արագի մեջ հարմարվեն ու մոռանան, իսկ դրա համար պետք է, որ այլ կերպ ընկալողները հեռանան Հայաստանից։ Այդպես ավելի հեշտ կլինի՝ դե առաջ Երևանից հեռու Ղարաբաղում էին ապրում, հիմա էլ թող Երևանից հեռու Կրասնոդարում կամ Գլենդելում ապրեն, ի՞նչ տարբերություն։ Թե չէ ինչի՞ նման է՝ այդ 100-120 հազար արցախցիները մնան Հայաստանում, որտեղ հարևաններ-ծանոթներ-ընկերներ ունեն, ամեն օր իրենց շվարած-թևաթափ ներկայությամբ «նրանց աչքերը մազոլ անեն» ու թույլ չտան մոռանալ ոչ Արցախը, ոչ իշխանությունների կատարած ոճրագործությունը։ Միշտ էլ այդպես է, ցանկացած ոճրագործ ձգտում է օր առաջ ազատվել և՛ ոճրագործության վկաներից, և՛ տուժածներից, մի խոսքով՝ այն ամենից, ինչը հիշեցնում է ոճրագործության մասին։
Լավ, իսկ ինչո՞ւ է այդ քարոզչությունը հաջողվում։ Վճարվող ֆեյքերն ու բութ ատելությունը մի կողմ թողնենք, բայց ուրիշ գործոն է՛լ կա։ Մարդիկ Նիկոլ են ընտրել, նրա օրոք և նրա ուղղակի մեղսակցությամբ Արցախը հայաթափվել է, բայց տասնյակ հազարավոր մարդկանց համար Նիկոլի մեղսակցությունն ընդունել՝ նշանակում է ընդունել նաև մեղքի սեփական բաժինը։ Չէ՞ որ իրենք են Նիկոլ ընտրել, չընտրեին՝ Արցախը չէր հայաթափվի։ Ու քանի որ ենթագիտակցորեն չեն ուզում ընդունել սեփական մեղքը՝ մեղադրում են ոչ թե Նիկոլին, այլ արցախցիներին։ Որովհետև եթե մեղավորն արցախցիներն են՝ ուրեմն իրենք այդ ամենի հետ կապ չունեն, իրենց խիղճը մաքուր է։
Ահա հենց այս հոգեբանական ինքնապաշտպանական բնազդն է, որ պարարտ հող է ստեղծում արցախցիների դեմ ատելության գեներացման համար, ու նիկոլական իշխանություններն էլ մեծ վարպետությամբ օգտագործում են դա։
Մարկ Նշանյան