...

Հացադուլի ճիշտ տեղը բանակի հրամկազմից ինչ-որ մեկի դղյակի մոտ նստելն է

Հացադուլի ճիշտ տեղը բանակի հրամկազմից ինչ-որ մեկի դղյակի մոտ նստելն է

Հակահեղափոխականները խոստանում էին թեժ աշուն: Երկու ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկ անելուց հետո կարծես թե աշունը թեժացնելու էին իշխանությունները, բայց չէ, հակահեղափոխակաները ձեռքերը ծալած չեն նստել և չեն էլ կարող ու դիմել են ամենանողկալի քայլին:  

Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում արցախյան պատերազմում զոհված զինվորների մայրերը` պահանջելով հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ: Կառավարությունից պահանջում էին բոլոր զոհվածներին 30 մլն դրամ հատկացնել, ինչպես եղավ մարտի 1-ին զոհված ընտանիքների դեպքում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` արդեն երկար ժամանակ է, ինչ ԱԺ նախկին պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը լծված է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ նման ակցիաների կազմակերպմանը (armlur. am 20.09. 2019թ):  Դա թույլ է տալիս ենթադրելու, որ երեկվա ակցիան կազմակերպված է եղել նախկինների կողմից: Տիկին Մարգարիտան երեկվանից նստել է հացադուլի, նույնիսկ ոստիկաների առաջարկին, որ նստի աթոռին, ոչ թե գետնին, մերժել է և ասել է. «Իմ որդին հողում է, ես իրենից լավը չեմ, կնստեմ գետնին»:- տեղեկացնում է News.am-ը:

Տիկին Մարգարիտան նաև ասել է, որ ինքը միշտ դեմ է եղել և չի թողել, որ սևազգեստ մայրերը դուրս գան փողոց ինչ-որ պահանջով: Ինչպես տեսնում ենք, տիկին Մարգարիտան ինքն է ասում, որ միշտ դեմ է եղել, որ սևազգեստ մայրերը փողոց դուրս գան ինչ-որ պահանջով, այսինքն՝ նախկին իշխանությունների ժամանակ, իսկ հիմա կարելի է, այն էլ ուժայինների հրաժարականից անմիջապես հետո: Իսկ տիկին Մարգարիտայի տղան հողում է եղել նաև նախկին իշխանությունների ժամանակ, բայց տիկին Մարգարիտան գետնին նստած հացադուլ չէր անում և հարմարավետ աշխատասենյակում էր նստում:

Իսկ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ինչո՞ւ հացադուլի չէր նստում, երբ ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր զինվորները փամփուշտ չունեին, զինտեխնիկան վառելանյութ չի ունեցել, բահերով և 80-ականների զենքերով էին կռվում: ՀՀ քաղաքացին տեղյակ էր, որ բանակում զինվորին մայկա-տռուսիկով ապահովում էին ծնողները:  Բանակում տիրող անարդարությունների մասին արդեն մամուլը մեկուկես տարի է ահազանգում է: Էդ ինչպես էր լինում, որ զինվորը մայկա-տռուսիկ չէր ունենում, բայց բանակի հրամկազմը առանձնատներ էր կառուցում և երթևեկում թանկանոց մեքենաներով:

Սրանք խնդիրներ էին, որ պիտի հետաքրքրեր «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին, բայց տիկին Մարգարիտան լռում էր: Իսկ հիմա գետնին նստած անժամկետ հացադուլ է անում, նույնիսկ աթոռի չի ուզում նստել: Շատ ավելի տպավորիչ կլիներ հացադուլ անել Մոնումենտի կամ էլ Վահագնի թաղամասի դղյակներից մեկի մոտ և արդարություն պահանջել, ոչ թե հղում անել մարտի մեկի անմեղ զոհերին հատկացվող փոխհատուցման համար: Իսկ մարտի մեկին ՀՀ քաղաքացին դուրս էր եկել կեղծված ընտրությունների դեմ և իր քվեարկության արդյունքն էր պահանջում, որ կազմաքանդելու էր ավազակապետական համակարգը (բնորոշումը Լևոն Տեր-Պետրոսյանինն է), որ այլևս տեղ չունենար բանակի և մեր կյանքի մնացած բնագավառների թալանը և ապրեինք իրավական երկրում: Իսկ մերժվածներն ամեն կերպ ուզում են աշունը թեժ պահել և իրենց ռևանշի համար հող նախապատրաստել: Զբաղմունքն անհեռանկար է:

Հ.Գ.  Չանդրադարձանք Մեսրոպ Մանուկյանին պարզ պատճառով, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվել է կազմակերպչի իր դերակատարումից, ասել է, որ ինքն այս ամենին անդրադառնալու է:

Ջավահիր Այվազյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4071 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ