Մեծ հաշվով՝ հայ հասարակությունը սառն անտարբերությամբ ընդունեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը։ Ոչ «խաղաղությամբ» մի կարգին ոգևորվեց, ոչ միջանցքը հանձնելու փաստով մի կարգին մտահոգվեց։ Ծանոթներն իրար հանդիպելիս մոտավորապես այսպիսի երկխոսություն էին ունենում․ «վերջը տվեց, հա՞, միջանցքը», «փաստորեն՝ տվեց», «վա՛յ ես դրա․․․ (կարճ հայհոյանք), բա ուրի՞շ ինչ կա-չկա, տնեցի՞ք ոնց են»։ Եվ վերջ, գնում էին իրենց գործերով։
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը (փեսա Միշիկը) նույնպես արձանագրել է, որ «հայ ժողովուրդը մնաց անտարբեր կատարվածին»։ Ճիշտ է արձանագրել, բայց ո՞րն է պատճառը։ Գուցե այն, որ ժողովուրդն այլևս ոչնչի չի՞ հավատում, որովհետև տասնամյակներ շարունակ ով հասել՝ ամենալկտի ձևով խաբել է ժողովրդին։ Կհիշե՞ք, թե 1997-98-ին ով էր հաղթանակներ կերտած պետության նախագահին ներկայացնում որպես «հողատու-դավաճան» ու նրան հրաժարական պարտադրելու դեպքում խոստանում առնվազն 8 հազար քկմ տարածքով անկախ Արցախ, թեև իրենց նպատակն ընդամենը իշխանությունը չանթելն էր։ Հետո ժողովուրդը, իհարկե, հասկացավ, որ իրեն ամենալկտի ձևով խաբել են, դրա համար էլ 10 տարի անց՝ 2008-ին, հարյուր հազարից ավելի մարդ անտարբեր չմնաց ու փողոց դուրս եկավ։ Եվ ի՞նչ արեցին «մտահոգ Միշիկի» աներն ու «կուլտուրիստ Լյովիկի» հայրը։ Ճիշտ է, այդ անգամ էլ խաբեցին, թե նա գալիս է «Ղարաբաղը հանձնելու», մեր նորագույն պատմության մեջ նմանը չունեցած այլանդակ արշավ կազմակերպեցին Տեր-Պետրոսյանի դեմ (թուրքական ֆեսով նրա ծաղրանկարները չէին իջնում համարյա բոլոր հեռուստաալիքների էկրաններից ու թերթերի էջերից), հետո էլ հարձակվեցին ժողովրդի վրա ու տասը հոգու սպանեցին։
Հետո եկավ Նիկոլի՛ հերթը, ու նա շատ ավելի վարպետորեն ու լկտիաբար խաբեց ժողովրդին։ Գոռգոռաց «Արցախը Հայաստան է, և վերջ», հետո ապաշնորհ «մոդերատորությամբ» երկիրը ջախջախման տարավ ու Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, գոռգոռաց «ո՛չ Հայաստանի ադրբեջանացմանը» և ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 250 քկմ-ն «ադրբեջանացրեց», գոռգոռաց «կարմիր գծերի» մասին ու հանձնեց միջանցքը․․․
Հիմա էլ ամեն ինչի համար ժողովրդին մեղադրելն է մոդայիկ դարձել։ Մի կենդանակերպ խոսում է 11 հազար դասալիքների մասին, մի ուրիշ կենդանակերպ բոլոր մարտունակ տղամարդկանց՝ մոտ 600 հազար հոգու, անվանում է պոտենցիալ դասալիքներ, երրորդ կենդանակերպն ասում է, որ հայերը հանուն փողի իրենց երեխաներին է՛լ կվաճառեն, չորրորդը, նկատի ունենալով մարդկանց անտարբերությունը, ժողովրդին անվանում է «խորը անասուն», և այսպես շարունակ։
Մի հարցնող լինի՝ այդ ե՞րբ խելքը գլխին ծրագիր ու գործողությունների հստակ հերթականություն ներկայացվեց, որ ժողովուրդն էլ անտարբեր մնաց։ Այդ ե՞րբ ժողովրդի հետ անկեղծ խոսեցիք, որ չհավատաց։ Քաղաքական դաշտը վերածել եք ստախոսության մրցույթի՝ մեկը պետության ջախջախումն ու կապիտուլյացիան է անվանում «հաղթանակ», ու նվաստ կիսագոյությունը՝ «խաղաղություն», մյուսն ասում է «ես առանձնապես չեմ ձգտում իշխանության, բայց սրանց ռադ արեք, իշխանությունը տվեք ինձ ու տեսեք ոնց եմ Ղարաբաղը հետ բերում՝ հլը մի բան էլ ավել», երրորդն ասում է «ես էլ եմ պատրաստ իշխանությունը վերցնել, բայց ուզում եք՝ տղայի՛ս տվեք, իրա բիլակներն ավելի հաստ են», և այլն։
Ժողովրդի անտարբերությունից ինչո՞ւ եք նեղսրտում, պարզ-հստակ-առանց «կռուտիտների» ասեք ինչ է պետք անել և հանուն ինչի՝ կանեն։ Թե չէ՝ աջուձախ խաբում եք ու հետն էլ նեղվում, որ մարդիկ չեն հավատում։ Ու սա, ցավոք, վերաբերում է քաղաքական գրեթե ողջ դաշտին։
Մարկ Նշանյան