Վերջապես Նիկոլ Փաշինյանը կիսատ-պռատ հրապարակեց «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը», և արդյունքում՝ հանրային-քաղաքական դաշտում «Բարեկենդանը» հեքիաթի վերջաբանն է․ ճարպիկ օտարականը վաղուց և անվերադարձ տարել է ոչ միայն «եղն ու բրինձը», այլև ձին, իսկ մարդ ու կնիկ մինչև հիմա էլ վիճում են՝ «մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն»։
ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին, բնականաբար, չի կարդալու այդ մի քանի հարյուր էջերը, քաղաքական ուժերից յուրաքանչյուրն էլ հրապարակելու է միայն այն հատվածները, որոնք նպաստավոր են սեփական քարոզչության համար, և արդյունքում՝ այս հարցի վերաբերյալ հանրային գիտակցության մեջ տիրող շիլաշփոթն ավելի է խորանալու։ Հետևաբար՝ իմաստ ունի կարգավորման առաջարկներից յուրաքանչյուրի դետալները հանգամանորեն զննելու փոխարեն առավելագույնս հստակ ներկայացնել 30-ամյա գործընթացի ընդհանուր պատկերն ու տրամաբանությունը։
Հասկանալի է, որ թեև Մինսկի խումբը ձևավորվել էր դեռևս 1992-ին, բայց բանակցային ակտիվ գործընթացը փաստացի սկսվել է արցախյան առաջին պատերազմի ավարտից և հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, բայց ո՞րն էր այդ գործընթացի նպատակն ու տրամաբանությունը։ Հասնել խաղաղության՝ այնպես, որ Ադրբեջանին վերադարձվեն Ղարաբաղի հարակից առնվազն 5 շրջանները (դա նույնիսկ քննարկման ենթակա չէր), իսկ Ղարաբաղում ապրեն հայեր, ընդ որում՝ ունենալով միջազգայնորեն ճանաչված քաղաքական կարգավիճակ, պետական կառույցներ, անվտանգության համակարգ, միջազգային շատ ամուր երաշխիքներ և հուսալի ցամաքային կապ Հայաստանի հետ (սրանք նույնպես քննարկման ենթակա չէին)։ Հետագա մոտ 25 տարիներին ընթացած բանակցություններն ու ներկայացված առաջարկների մեծ մասն էլ այս ընդհանուր տրամաբանության մեջ էին, ընդ որում՝ հասկանալի էր, որ կարգավորման ցանկացած տարբերակ ենթադրում է երկկողմանի ծանր զիջումներ։
Հայաստանի դիրքորոշման մեջ բեկումը տեղի ունեցավ 1998-ին։ Բանակցային գործընթացը կարծես թե սահուն շարունակվում էր, նորանոր առաջարկներ էին ներկայացվում, բայց խզվածքն արդեն տեղի էր ունեցել․ մինչև 1998-ը Հայաստանը ցանկանո՛ւմ էր հասնել կարգավորման, իսկ 1998-ից հետո նոր իշխանություններն արդեն չէին ցանկանում՝ համարելով, որ «Ղարաբաղի հարցը լուծված է»։ Ընդ որում՝ գնալով հարցը որևէ կերպ չլուծելու որոշումն ավելի էր կարծրանում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսը կամաց-կամաց փոխվում էր, և ըստ այդմ էլ՝ ցանկացած հաջորդ առաջարկ մեզ համար ավելի անբարենպաստ էր դառնում։ Եվ ուրեմն «Վոյին» Քոչարյանը որպես ի՞նչ պիտի անշառ գլուխը դներ շառի տակ ու գնար ցավոտ զիջումների։ Նրան փոխարինած Սերժ Սարգսյանը սկզբում գուցեև ինքն է՛լ ցանկանում էր հասնել կարգավորման, բայց նախ փորձեց «սեպարատ» կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և խայտառակ ձախողում կրեց, հետո փորձեց արցախցիներին համոզել, թե «եթե զիջումների չգնաք՝ Ստեփանակերտ-Ստեփանակերտ եք երգելու», էլի կոշտ դիմադրության հանդիպեց, և ի վերջո ձեռքը թափ տվեց՝ դե լավ, չի ստացվում՝ չի ստացվում, որպես ի՞նչ պիտի անշառ գլուխը շառի տակ դնի, առանց այն էլ երկրում «գաղջ մթնոլորտ» է, զիջումներն էլ ավելի ու ավելի ցավոտ են դառնում, ավելի լավ է՝ Քոչարյանի նման վարվի։ Մանավանդ՝ որ «բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելը» կարող է հրաշալի պատրվակ լինել 2018-ից հետո որպես վարչապետ պաշտոնավարելու համար։
Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով 2018-ին, սկզբում հույս ուներ վարվել Քոչարյանի ու Սերժի պես՝ ինչքան հնարավոր է ձգձգել բանակցությունները և վայելել իշխանությունը։ Մանավանդ, որ իր կարծիքով հրաշալի «ատմազկա» էր գտել՝ «ինձ Ղարաբաղի ժողովուրդը չի ընտրել, ես իրենց փոխարեն բանակցել չեմ կարող»։ Բայց նրան շատ արագ հասկացրեցին, որ պետություն ղեկավարելը միայն դուռում խեղդելը կամ գինու շշի կողքին փռվել-մրափելը չէ, պետության ղեկավարը նաև արտաքին աշխարհի առջև պարտավորություններ ունի և ուզած-չուզած՝ պիտի գնա ղարաբաղյան խնդրի կարգավորման, ընդ որում՝ ցավոտ զիջումների գնով։ Ու նա հասկացավ, որ չկարգավորված հակամարտությունը «թոկ է՝ կապված իր գինի խմել-մրափելու իրավունքի վզին», այսինքն՝ քանի դեռ այդ հարցը չի լուծել, իրեն հանգիստ չեն թողնելու։ Բայց ինչպե՞ս գնա զիջումների, որ հանկարծ իրեն դավաճան չասեն։ Ելքը միակն է՝ «հաղթած կողմից» դառնալ «պարտված կողմ» և զիջումները ներկայացնել որպես այլընտրանք չունեցող, պարտադրված քայլ։
Այդպես էլ արեց։ 25-ամյա բանակցային գործընթացը գրողի ծոցն ուղարկեց, մերժեց Լավրովի պլանը, Ադրբեջանի համար պատերազմ սկսելու իդեալական պայմաններ ստեղծեց, հրաժարվեց կեսից կանգնեցնել պատերազմը, հետո հայտարարեց, որ հպարտ է մեր պարտությամբ, որ հայկական Արցախը թոկ էր մեր անկախության վզին, և այլն։ Հասկանալի է, չէ՞, որ այսքանից հետո բացարձակ անիմաստ են դառնում Նիկոլ Փաշինյանի՝ «բանակցային փաստաթղթերի շուրջ» նախորդներին ուղղված մեղադրանքները։ Որովհետև եթե հայկական Արցախը «թոկ էր մեր անկախության վզին», նախորդներն էլ բանակցում էին միայն Արցախը հանձնելու շուրջ, նշանակում է՝ նրանք ուզում էին կտրել այդ թոկը, էլ որպես ի՞նչ ես քննադատում նրանց։
Թե՞ նախորդները հանձնելու էին Արցախը, բայց այն, միևնույն է, մնալու էր հայաբնակ, հետևաբար՝ մնալու էր «թոկ մեր անկախության վզին»։ Բայց դա իր հերթին նշանակում է ընդունել, որ կարգավորման ցանկացած տարբերակով Արցախը մնալու էր հայկական, իսկ հիմա այնտեղ ոչ մի հայ չկա։ Եվ ուրեմն՝ ո՞վ է թիվ մեկ հանցագործը։
Մարկ Նշանյան