...

Բացահայտումների տեմպը չթուլացնեք

Բացահայտումների տեմպը չթուլացնեք

Օրերս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալել էր Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպել էին, հետո լուսանկարվել, ինչպես ընդունված է նման դեպքերում:

Ու գնաա՜ց... Առավել արմատական ընդդիմադիրները Արամ Ա կաթողիկոսին քննադատում են, որ նա համարձակվել է հանդիպել, մի հատ էլ լուսանկարվել նիկոլական դեսպանի հետ: Կաթողիկոսին նույնիսկ դավաճանության մեջ են մեղադրում: Ժողովրդին է դավաճանել: 

Թե Արամ Ա-ն ինչ հիմքով պետք է հրաժարվի շփվել դեսպանի հետ, չգիտենք: Բայց հասել ենք նրան, որ դավաճանություն է համարվում իշխանական դեսպանի հետ լուսանկարվելը: 

Բայց սա դեռ սկիզբն է: Ավելի ճիշտ. առաջին սերիան: Համատեղ լուսանկարվելու թեման մի այնպիսի կռիվ է գցել հենց նույն արմատական ընդդիմության շարքերում, որ թող ու փախի: Երկու-երեք օր է, իրար գզում են, ինչ-որ դիմակներ պատռում: 

Երկրորդ սերիայում, օրինակ, որպես կոմպրոմատ, սկսել են տարածել արմատական ընդդիմադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի համատեղ լուսանկարները Նիկոլ Փաշինյանի, Վիլեն Գաբրիելյանի հետ: Բայց ոչ թե թարմ, այլ 10 կամ ավելի տարվա վաղեմության ֆոտոներ, որտեղ Նարեկ Սամսոնյանը ներկայիս իշխանավորների հետ միտինգ է անում, կամ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման, ջահելների հետ:

Ու սա լուրջ-լուրջ բռնել, տարածում են, թե նայեք, ով է Նարեկ Սամսոնյանը: Մենք հարյուրավոր մարդկանց գիտենք, որոնք Փաշինյանի, Ալենի հետ համատեղ լուսանկարներ ունեն, բայց հիմա ընդդիմադիր են, ու նրանց ոչ մի դեպքում չես կարող իշխանության հաճախորդ, ագենտ, ծպտյալ դաշնակից անվանել: 

Շատերն են իրենց զորակցությունը հայտնել Նարեկին, Նաիրա Զոհրաբյանն էլ, օրինակ, հումոր է արել, թե ինքն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համատեղ լուսանկար ունի: Էլ չգիտի, որ դրա մոդան անցել է, հիմա Առաջին նախագահի հետ համատեղ լուսանկար ունենալը հպարտության առիթ է, բայց դե, ինքը, իր հումորը: 

Բայց մենք անցնենք երրորդ սերիային. Փաշինյանի հետ լուսանկարվելու թեմայի շրջանակներում «իրար են հագել» Նարեկ Սամսոնյանն ու լրագրող Նաիրի Հոխիկյանը: Դուք չեք պատկերացնի, թե այդ ինչեր են իրար հասցեի ասում: 18+... մեր արև: Նարեկ Սամսոնյանն էլ մոտ 45 րոպեանոց լայվում հիշեցրել է, որ Նաիրի Հոխիկյանը որոշ ժամանակ ներկայումս Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի ղեկավարած ինչ-որ վերլուծական կենտրոնում է աշխատել: Սա էլ է կոմպրոմատ համարվում: Չնայած, հակամարտող կողմերը հրապարակավ խոստացել են, որ իսկական կոմպրոմատները դեռ առջևում են, էս ծաղիկներն են: Շունչներս պահած սպասում ենք: 

Էս իշխանություններից հույս չկա, ոչ մի նորմալ խոսում են, ոչ մի նորմալ բվվում: Մնացել ենք էս արմատականների հույսին: Բալքիմ մի քիչ իրենք աշխուժացնեն քաղաքական կյանքը: Բայց լավ կոմպրոմատներով, թե չէ էն համատեղ լուսանկարները ընդամենը թեթև քամի են առաջացնում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1465 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ