...

Բացեք փակագծերը, եղեք «անպարկեշտ»

Բացեք փակագծերը, եղեք «անպարկեշտ»

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան գաղտնալսված զրույցի թեմային, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ հայտնի գաղտնալսման մասին բացեմ որոշ փակագծեր։ Ժողովրդին տեղեկացնում եմ, որ գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է։ Բացահայտել է ինքը՝ Արթուր Վանեցյանը, դեռևս ԱԱԾ տնօրեն աշխատելու ժամանակ։ Իսկ իշխանությանը հորդորում եմ հանրությունից չթաքցնել տեղեկությունը և մանրամասն խոսել դրա մասին։

Մի՛ չարաշահեք մեր պարկեշտությունը, էթիկան չխախտելու մեր լուռ որոշումը…»:

«ՉԻ». Առաջին անգամ ենք այսպիսի բացված փակագծեր տեսնում: Ի՞նչ է նշանակում՝ «բացված փակագծեր»:

Նշանակում է, որ ինչ-որ թեմայի վերաբերյալ մութ կետեր կան, չփարատված կասկածներ, անպատասխան հարցեր, և որպեսզի մարդուն, հանրությանը պարզ լինի, թե որն է իրականությունը, թեմայի վերաբերյալ մանրամասներ են հայտնում, սպառիչ պատասխաններ տալիս:

Իսկ Վանեցյան-Փաշինյան գաղտնալսված զրույցի փակագծերը ո՞ր դեպքում կարելի է համարել բացված: Եթե պարզվի, թե ով է գաղտնալսել այդ զրույցը, ում պատվերով, ինչ նպատակով, ինչ պատասխանատվության են ենթարկվել այդ հանցագործություն կատարողները:

Հիմա Արսեն Բաբայանի խոսքում որտե՞ղ տեսաք բացված փակագծեր: Մարդն ասում է՝ դեռևս ԱԱԾ տնօրեն աշխատելու ընթացքում Վանեցյանը բացահայտել է գործը, իսկ ահա իշխանություններն այն հանրությունից թաքցնում են: Դա փակագծեր բացել չէ: Դա ուղղակի խոսքերի շարան է: 

Իշխանությունները թաքցնում են, դուք հրապարակեք մանրամասները: Ինչո՞ւ չեք անում: Ո՞վ է ձեզ խանգարում: Մանավանդ, որ գաղտնալսման սկանդալը առաջին հերթին Վանեցյանին է հեղինակազրկել և հեղինակազրկում, որովհետև դա աննախադեպ բան է, որպեսզի երկրի գլխավոր գաղտնալսող կառույցի ղեկավարին գաղտնալսեն: Երկրորդ նման դեպք մենք չենք հիշում:  

Եկեք, մենք չարաշահենք ձեր այդ պարկեշտությունը: Բան ունեք ասելու, ասեք:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1032 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ