...

Բանակի փող կհավաքեն. բանկերն էլ կաջակցեն

Բանակի փող կհավաքեն. բանկերն էլ կաջակցեն

Պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 24 մլն դրամ վճարի դիմաց հնարավորություն տալ ժամկետային զինծառայողներին 4,5 ամիս ծառայելուց հետո ազատվել հետագա ծառայությունից: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել է․ ««Փրկագնով» ազատվելու, կամ ՀՀ Ազգային Բանակը բանվորա-գյուղացիական դարձնելու այս մերժելի գաղափարը դեռ 2018-ից հետո մեկ անգամ արդեն շրջանառվեց իշխանությունների կողմից ու զանգվածային քննադատությունից հետո դրվեց դարակներում: Փաստորեն, դեռ չեն մոռացել»։ 

Ի դեպ, շատերն են արդեն հասցրել, մեղմ ասած, վատ արտահայտվել նախագծի մասին՝ նշելով, որ սա հանրային առանց այդ էլ բևեռացված հարաբերություններն էլ ավելի է սրելու։ Պատկերավոր ասած՝ հարուստները փողով ազատելու են իրենց որդիներին, աղքատները չեն կարողանալու նույնն անել իրենց զավակների համար։ Կարճ ասած՝ Գեղամ Մանուկյանի նշած «բանվորա-գյուղացիական» մոդելն է ներդրվելու։ Ազնիվ պետք է լինել ու խոստովանել, որ մինչ այս էլ մեր բանակը հենց «բանվորագյուղացիական» մոդելով է աշխատել։ Հարուստների երեխաները փողով ազատվել են բանակից, իսկ անապահով ընտանիքների դեպքում անգամ առողջական խնդիրներ ունեցողներին չեն ազատել զինվորական ծառայությունից։ Կամ էլ հարուստները լավ տեղ են ընկել՝ անշուշտ պատահաբար, իսկ անապահովները՝ որպես կանոն, հայտնվել են ամենածանր հատվածներում։ Այնպես որ, Փաշինյանն ընդամենը լեգիտիմացնում և օրինականացնում է այն, ինչը նախկինում ունեցել ենք։ Բոլոր դեպքերում քննարկում են սկսել բավական անպատեհ պահի։ Չնայած՝ «խաղաղության դարաշրջանին» ենք մոտենում, որտեղ կարելի է փող աշխատել անգամ բանակի շրջանակներում։ Չես ուզում ծառայել՝ վճարիր, չես կարող վճարել՝ ծառայիր։ Չենք զարմանա, եթե հաջորդ փուլում արդեն բանկերն ու վարկային կազմակերպությունները հատուկ ֆինանսական փաթեթներ մշակեն այն մարդկանց համար, որոնք ուզում են վճարել, բայց չեն կարող։ Հիշո՞ւմ եք՝ ինչպես Հայաստանում ներդրվեց ուսանողական արտոնյալ վարկերի համակարգը։ Նույն ձևով՝ արտոնյալ նոր վարկատեսակներ կմտածեն, որ հնարավորինս շատ մարդ կարողանա չծառայել։ Այս ամենը, իհարկե, կարվի սոցիալական արդարության կարգախոսի ներքո, իսկ բանակը․․․ իսկ բանակը կլուծարեն, զորամասերը կփակեն, հաշտ ու խաղաղ կերազեն հաջորդ օրն անփորձանք անցկացնելու մասին։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   965 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ