...

Բլից-վիրտուալ Իշխան Սաղաթելյանի հետ

Բլից-վիրտուալ Իշխան Սաղաթելյանի հետ

- Պրն Սաղաթելյան, այնուամենայնիվ սեպտեմբերին վերադառնալո՞ւ եք խորհրդարան։

- Իհարկե վերադառնալու ենք։ Դաշնակցությունը միշտ էլ կողմ է եղել հայ-թուրքական երկխոսությանը։ Բայց՝ վերադառնալու ենք մեր օրակարգով։

- Իսկ ո՞րն է ձեր օրակարգը։ 

- Ո՞նց թե որն է։ Աշխատավարձ ստանալը։ 

- Այսինքն՝ համ Նիկոլին «թուրք» եք անվանում, համ գնում եք նրանից աշխատավարձ ստանալու․․․ Չնայած՝ Դաշնակցությունն անցյալ դարասկզբին էլ երիտթուրքերի խորհրդարանի նիստերին էր մասնակցում ու աշխատավարձ ստանում․․․ 

- Ոչ, այն ժամանակ մեր հեռահար նպատակը Ստամբուլն արյան ծով դարձնելն էր, իսկ հիմա նիստերը Երևանում են, և համապատասխանաբար՝ փոխվել են նաև նպատակները։ 

- Պրն Սաղաթելյան, եթե Նիկոլին «թուրք» եք անվանում, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունից 145 ավտոմեքենա գնելու որոշումը կարելի է գնահատել որպես հայ-թուրքական տնտեսական համագործակցության օրինա՞կ։

- Դե դա ավելի շուտ ռուս-թուրքական տնտեսական համագործակցության օրինակ է, բայց մենք, միևնույն է, շարունակելու ենք փրկել Հայաստանը։ Եթե, իհարկե, եղանակային պայմանները թույլ տան։

- Թե՞ եթե Քոչարյանը փող տա։

- Դա կոչվում է դրամաշրջանառություն։ Նիկոլը Քոչարյանին փող է տալիս, Քոչարյանը այդ փողը տալիս է մեզ, որ Հայաստանը Նիկոլից փրկենք, մենք միտինգ ենք անում ու ոստիկանական մեքենաները ջարդում, հետո Նիկոլը նորից Քոչարյանին փող է տալիս ու նոր մեքենաներ առնում․․․ «Հաց և տեսարաններ» սկզբունքն է, մենք ու նիկոլենք հաց ենք վաստակում, ժողովուրդը տեսարաններ է ստանում, այդպես էլ ապրում ենք։

- Այսինքն՝ ոչ հրապարակային համագործակցություն այնուամենայնիվ կա՞։

- Բայց ինչո՞ւ ոչ հրապարակային, իշխանությունների առանձին թևեր լավ էլ մեր օրակարգով են շարժվում։ Օրինակ՝ մենք երկու ամիս Երևանում Լաո էինք արթնացնում, ու քաղաքապետը․․․ էդ տղու անունը ի՞նչ էր, միշտ մոռանում եմ․․․ որոշեց ամեն առավոտ մեր փոխարեն լաոներին արթնացնել։ Կամ, օրինակ, ժամանակին Դաշնակցությունը ազգանվեր նպատակներով զբաղվել է նաև նարկոթրաֆիքինգով, ու խնդրեմ՝ Տիգրան Ավինյանը տեխնիկական կանեփի պլանտացիաներ է հիմնում։ Այսինքն՝ ազգային հարցերում փոխըմբռնումը կա։

- Իսկ եթե հաջողվի ազգը փրկել Նիկոլից, ո՞վ է դառնալու վարչապետ։

- Ժողովուրդը ում ընտրեց՝ նա էլ դառնալու է։ Իսկ թե ժողովուրդն ում պիտի ընտրի՝ դա արդեն մենք մեր նեղ շրջանակով կքննարկենք, կասենք։

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

- Չէ, մի րոպե, մի բան է՛լ պիտի ասեի, մոռացա։ Էն․․․ անունը ինչ է՞ր․․․ հա, բա՛նը, Շուշին ու Հադրութն էլ հետ ենք բերելու։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   12551 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ