...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն վարչապետ, Շուշիում վերջին 30 տարիներին ոչ մի շենք չկառուցելու մասին Ձեր հայտարարությունը բուռն արձագանքներ առաջացրեց․․․

- Այո, ես պնդում եմ, որ իմ ասածները կասկածի ենթակա չեն։ Վերջին 30 տարում գորգեր լվանալու քանի՞ փառատոն է կազմակերպվել Շուշիում։ Զրո՛։ Քանի՞ կիլո կլուբնիկ են կերել Շուշիի զորամասի զինվորները։ Զրո՛։ Քանի՞ խոստում է տրվել Շուշիում մետրո կառուցելու մասին։ Զրո՛։ Քանի՞ գեյ-շքերթ է անց․․․

- Լավ, պրն վարչապետ, անցնենք հաջորդ հարցին։ Մի քանի օր առաջ թշնամի երկրի ինքնաթիռը․․․

- Մի րոպե, բայց ինչո՞ւ թշնամի երկրի։

- Դե բա պատերազմ, 4 հազարից ավելի զոհեր․․․

- Այ քեզ բան, դե հիմա Չինաստանում էլ մեկը չղջիկ կերավ, Հայաստանում համարյա 7 հազար մարդ մահացավ, հիմա ի՞նչ անենք, Չինաստանին թշնամի՞ անվանենք։ Հակառակը՝ պիտի խորացնենք մեր ռազմավարական համագործակցությունը։

- Այսինքն՝ այնուամենայնիվ որոշել եք միջա՞նցք տրամադրել։

- Եթե 30 տարի շարունակ այդ ճանապարհը գործեր, գիտե՞ք քանի միլիարդ դոլար կմտներ Հայաստան։ Բայց նախկին թալանչիներն այդ գումարները ներդրել են աֆրիկաներում ու բադեն-բադեններում։ 

- Բայց Ադրբեջանը ոչ թե ճանապարհ է ուզում, այլ միջանցք։

- Հիմա էդ 5-10 կիլոմետրանոց դժգույն-դժբախտ միջանցքը մեր ինչի՞ն ա պետք։ Բա որ պետք էր՝ 30 տարի շարունակ ինչի՞ ներդրումներ չեն արել։ Սերժիկն ու Սաշիկը իրենց մեքենաների յուղը փոխելու վրա ավելի շատ փող են ծախսել, քան այդ ներդրումների վրա։ Ես մի քանի անգամ անցել եմ այդ տարածքներով, մի հատ կարգին օբյեկտ էլ չկա՝ մարդ մտնի մի կտոր հաց ուտի։ Այ կտեսնեք, թե մի քանի տարի հետո այդ միջանցքում քանի հատ օբյեկտ ա լինելու։

- Փաստորեն անձնական շահագրգռվածություն ունեք․․․

- Չէ։ Իմ նպատակը ժողովրդից թալանածը ժողովրդին վերադարձնելն է։ Այ օրինակ՝ տեսա՞ք, թե ոնց Քաջարանի կոմբինատի 15 տոկոսը վերադարձվեց ժողովրդին։

- Թե՞ վարչապետին։

- Բայց ես ասել եմ, չէ՞, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Չստացվե՞ց, որ այդ 15 տոկոսը ժողովրդի սեփականությունն է։

- Այսինքն՝ ես հիմա Քաջարանի կոմբինատի բաժնետե՞ր եմ։ 

- Բա իհարկե։ Եվ ոչ միայն դու, ամբողջ հայ ժողովուրդը։

- Իսկ մարդկանց նյութական վիճակի վրա դա որևէ կոնկրետ ազդեցություն կունենա՞։

- Բա իհարկե կունենա, դա էապես կփոխի մարդկանց սոցիալական վիճակը։ Օրինակ՝ «Փարոս» համակարգը կվերացվի, նպաստները կվերանան․․․

- Ինչո՞ւ։

- Դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք՝ նորմալ կլինի՞, որ Քաջարանի կոմբինատի բաժնետերերը նպաստ ստանան։

- Լավ, եկեք այսքանով էլ ավարտենք, քանի դեռ 500 հազար չեմ տուգանվել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3305 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ