...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, առաջին հարցը․․․ Վայ, հո բան չի՞ պատահել, այդ ի՞նչ կապտուկներ են, չլինի՞ փրկիչներն այնուամենայնիվ կարողացել են ճեղքել ոստիկանական պատը․․․ 

- Չէ, չէ, ուղղակի տանը գործ էի անում․․․ 

- Փաստորեն տանը ֆիզիկական գործ է՞լ եք անում։ 

- Չէ, ի՞նչ ֆիզիկական։ Պարզապես որ էն Նակոլկա Շուշոյին գործից հանել էի․․․ Լավ, անցանք առաջ։

- Շատ լավ։ Անդրադառնանք Լավրովի այցին։ Անձա՞մբ դիմավորեցիք։

- Դիմավորեցինք շատ ավելի բարձր պատիվներով։ Արարատ Միրզոյանը, կարելի է ասել, Լավրովի ինքնաթիռն օդում դիմավորեց․․․ 

- Քննարկեցի՞ք ղարաբաղյան կարգավորումը։

- Ճիշտն ասած՝ ինքն ուզում էր քննարկել, բայց քանի որ մեր պատկերացրած բանակցային ֆորմատն ուրիշ է, ես իրեն անեկդոտ պատմեցի։ Էն որ ապարանցու կնոջը հարցնում են, թե ինչո՞ւ ճաշի մեջ լավրովի լիստ չի գցում, ասում է «մի քանի անգամ գցել եմ, ոչ մեկը չի ուտում»։ Այ, ասեցի, բանակցային գործընթացին Ձեր մասնակցությունը էդ լավրովի լիստի նման ա։ Հի-հի․․․

- Չնեղացա՞վ։

- Գուցեև նեղացավ, բայց ես իրավիճակը շտկեցի։ Ասեցի՝ լսել եք, չէ՞, որ ասում են «նախաճաշը ինքդ կեր, ճաշը կիսիր բարեկամիդ հետ, ընթրիքը տուր թշնամուդ»։ Այ, ասեցի, ես Ձեր պատվին ընթրիք եմ տալու․․․ 

- Լավ, անցնենք սոցիալական խնդիրներին։ Թանկացումների այս ալիքը․․․ 

- Ի՞նչ ալիք, ընդամենը լոգիստիկ խնդիրներ են։ Ընդդիմությունը փողոցները փակում ա՝ գյուղացիները չեն կարողանում կարտոֆիլը հասցնել քաղաք։ Բայց ես արդեն կարգադրել եմ օրենսդրական մեխանիզմներ մշակել, որպեսզի երիտասարդ ընտանիքները կարողանան ձմեռվա կարտոֆիլ ձեռք բերել՝ արտոնյալ վարկավորմամբ և եկամտահարկի վերադարձով։ Համ էլ՝ մեր ժողովուրդը կարտոշկա չի ուտում։ Ես, օրինակ, էն օրը գնացել էի գինու փառատոնի, 15 րոպե ոչ մեկին կարտոշկա ուտելուց չտեսա։ 15 րոպե հետո արդեն ոչ մի բան չեմ հիշում․․․

- Լավ, իսկ ինչո՞վ է պայմանավորված դոլարի և եվրոյի արժեզրկումը։

- Էդ ի՞նչ հարցեր եք տալիս, վարչապետը դոլար առնող-ծախող ա՞։ Այո, ես հիմնական պատասխանատուն եմ, բայց ես հիմնական մեղավորն ե՞մ։ Չնայած՝ արդեն բանկիրներին ու բարեխիղճ ներկրողներին հանձնարարել եմ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել անձամբ ինձ։

- Ի՞նչը ներկայացնել։

- Ո՞նց թե ինչը։ Գերշահույթները։ 

- Թե՞ գերշահույթների վերաբերյալ տեղեկությունները։

- Հայերեն լավ չես հասկանո՞ւմ, ասում եմ՝ գերշահույթները։ 

- Երևի կոռուպցիայի կանխարգելման շրջանակներո՞ւմ։

- Բա իհարկե։ Անցած շաբաթ 14 ճամպրուկ կանխարգելել եմ։ 

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   18945 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ