...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Բարև ձեզ, պրն Փաշինյան․․․ 

- Բարև։ Էս ինչի՞ ես մի տեսակ նայում։ Հա, Նոր տարվա օրերին մի քիչ չաղացել ե՞մ։ Դա պայմանավորված է քյալլայի, խոզի բդի, բլինչիկների և զանազան բրդուճների նկատմամբ իմ՝ գուցե չափազանցված, գուցե ողջամտությունը ստվերող անսահման սիրով։

- Ի դեպ՝ Ձեր ամանորյա ուղերձի մասին։ Շատերի կարծիքով՝ այն բավականին էմոցիոնալ էր․․․ 

- Դա էլ պայմանավորված էր տնական արաղի և «Նաիրի» կոնյակի՛ նկատմամբ իմ՝ գուցե չափազանցված, գուցե ողջամտությունը ստվերող անսահման սիրով։ 

- Լավ, բայց ամանորյա տոներն ավարտվեցին․․․ 

- Հետո՞ ինչ, չէ՞ որ սերը ժամկետային սահմանափակումներ չունի։ Իսկ ես շարունակում եմ մտովի գրկել Արցախում ապրող մեր քույրերին ու եղբայրներին, որոնք շարունակում են շրջափակված մնալ մեր ռազմավարական դաշնակցի կողմից։

- Իսկ Դուք այդ ուղղությամբ կոնկրետ ի՞նչ քայլեր եք արել։

- Կոնկրետ՝ մեր ամանորյա սեղանին ռուսական օղու փոխարեն եղել է ֆրանսիական կոնյակ, իսկ «ստալիչնի» սալաթին փոխարինել է բրյուսելյան կաղամբը։ Դա հստակ ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին, որ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգայում։

- Կարծում եք՝ այդ ուղերձը տեղ կհասնի, և 2023 թվականն ավելի հաջո՞ղ կլինի մեզ համար։

- Ոչ միայն կարծում եմ, այլև խոստանում եմ, որ 2023-ին գուցե՝ չափազանցված, գուցե՝ ողջամտությունը ստվերող անսահման սիրով սիրելու եմ Սյունիքի մեր քույրերին ու եղբայրներին, և համոզված եմ, որ տարեմուտի իմ հաջորդ ուղերձում կարող եմ նաև նրա՛նց մտովի գրկել։

- Այսինքն՝ մտածում եք, որ եթե նման բան լինի, դրանից հետո տարեմուտի հաջորդ ուղերձն է՞լ եք Դուք ընթերցելու։

- Բա ձեր կարծիքով ինչի՞ եմ անընդհատ խոսում սիրո մասին։ Չէ՞ որ Հայաստանի այսօրվա վիճակի հիմնական պատճառը սերն է։

- Ձեր սերը ժողովրդի՞ նկատմամբ։

- Ոչ, ժողովրդի՝ գուցե չափազանցված, գուցե՝ ողջամտությունը ստվերող անսահման սերը ի՛մ նկատմամբ։ Որովհետև եթե այդ սերը չլիներ՝ ես իմ ուղերձները պիտի ընթերցեի ոչ թե կառավարության շենքում, այլ գնդակահարության պատի տակ։ Բայց ժողովրդի սերն ինձ հնարավորություն տվեց շարունակել սկսածս գործը։ Բա գիտեք ինչի՞ եմ էդքան խոսում Չարենցի մասին։ «Ամբոխները խելագարված»-ը ինքը չի՞ գրել։ 

- Այո, բայց Թումանյանի մասին էլ եք խոսում, իսկ նա «Չարի վերջն» է գրել․․․ 

- Լո՞ւրջ, ինքն ա՞ գրել։ Բայց ես Թումանյանի անունը շաուրմայի մոմենտով էի տալիս, որովհետև դա է՛լ եմ սիրում գուցե՝ չափազանցված, գուցե՝ ողջամտությունը ստվերող սիրով․․․ Բայց եկեք այսքանով սահմանափակենք, գնանք մի կտոր հաց ուտենք։ Ձեր տանը բլինչիկ մնացել ա՞։

-Չէ, մենք չենք ունեցել, շնորհակալություն բովանդակալից հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   72541 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ