...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, նախ՝ ինչպե՞ս կգնահատեիք Ձեր մյունխենյան այցը:

- Ընդհանուր առմամբ՝ շատ հաջող։ Հյուրանոցը լավն էր, բոլ-բոլ կերակրում էին, մինի-բարում ինչ ասես կար, Աննան ինքնաթիռում ոչ մի գիրք չկորցրեց, մեքենայիս վրա ոչ մի ձու չշպրտվեց․․․ Ափսոս՝ ինչ-որ անկապ հանդիպումներ կային, չհասկացա, թե ինչի մասին էին խոսում, բայց ստիպված էի մասնակցել։ Դա չլիներ՝ կարգին կհանգստանայինք։ Էլ չեմ ասում, որ ինչ-որ քննարկում էին կազմակերպել, անունը դրել «պանելային»։ Էս երկրաշարժերի ժամանակ ո՞վ ա պանելային շենքում քննարկումներ անում։

- Բայց ամեն դեպքում՝ մասնակցեցիք։ Իսկ մոսկովյան հարթակից հրաժարվում եք։

- Ճիշտն ասած՝ ուվաժայեմի Վլադիմիր Վլադիմիրովիչի հումորներից մի քիչ լարվում եմ։ Հենց ինձ տեսնում ա՝ ասում ա «էխ Նիկոլայ, Նիկոլայ, գիտե՞ս, թե ինչ եղավ Նիկոլայ Երկրորդի հետ գահը կորցնելուց հետո», և ուսիս թփթփացնելով՝ ծիծաղում ա։ Ես էլ մի անգամ չդիմացա, ասեցի «Դուք Նիկոլայ անունով ուրիշ լիդեր չգիտե՞ք», ինքն էլ ասաց «ուզում ե՞ս Չաուշեսկուի մասին պատմեմ», ու սկսեց ավելի բարձր ծիծաղել․․․ Բա ափսոս չե՞ն եվրոպական հարթակները։ Ֆրանսիայի նախագահն, օրինակ, հենց ինձ տեսնում ա՝ բուֆետից ա խոսում։

- Թե՞ բուֆերից։

- Դե հիմա․․․ 

- Լավ, իսկ ինչո՞ւ չարձագանքեցիք, երբ Ալիևը Հայաստանին օկուպանտ անվանեց։

- Բայց էդ իմ մասին չէր, նախկինների մասին էր, ես որպես ի՞նչ պատասխանեմ։ Ինքը ինձ օկուպանտ չի ասում, կապիտուլյանտ ա ասում։ Միջազգային օրենքներով էլ՝ գիտեք, օկուպանտներին է դատ ու դատաստան հասնում, կապիտուլյանտներին չի հասնում։

- Բա ինչո՞ւ Դուք իրեն օկուպանտ չանվանեցիք։

- Ես հո գործ տվո՞ղ չեմ։

- Ի դեպ՝ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը կարող է ադրբեջանցի լինել․․․

- Ես մի անգամ արդեն ասել եմ, որ բոլորովին վատ չեմ զգում, երբ ինձ թուրք են անվանում, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները եղբայրական ժողովուրդներ են։ Բայց Ալիևի ասածի մեջ թվային անճշտություն կա։ «Յուրաքանչյուր չորրորդը» 25 տոկոսն է, իսկ վերջին ընտրությունների ժամանակ ՔՊ-ին ձայն է տվել ընտրելու իրավունք ունեցողների ոչ թե 25, այլ 25,8 տոկոսը․․․ 

- Չէ, չէ, նա ոչ թե դա նկատի ուներ, այլ այն, որ եթե ադրբեջանցիները վերադառնան Հայաստան՝ կկազմեն Հայաստանի բնակչության 25 տոկոսը, ու իրենք հիմա այդ մարդկանց հաշվառում են։

- Բա ես չէի խոստացե՞լ, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը լինելու է 5 միլիոն։ Տարածաշրջանային համագործակցության շրջանակներում քայլ առ քայլ իրականացնում եմ։ «Ոսկե ցլիկը» կինոն տեսել ե՞ք, էն որ ասում ա «էլ ի՞նչ հարևաններ ենք, որ իրար չօգնենք»։

- Եթե կարելի է՝ մի հարց էլ կոռուպցիայի․․․ 

- Ստոր հերյուրանքներ են։ «Նոր Զովքի» խանութները փակելով՝ մենք միայն աջակցում ենք առանձին բարեխիղճ գործարարների։

- Չէ, ես Գրիգորի Խաչատուրովի կալանքի մասին էի ուզում հարցնել․․․

- Դե էդ հեչ, փետրվարի 23-ին ընդառաջ տոնական անակնկալ էր․․․ 

- Շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   74940 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ