...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ձեր խոսքը փոքր-ինչ ցաքուցրիվ էր, ուստի եթե թույլ կտաք․․․ 

- Բայց ի՞նչն էր ցաքուցրիվ։ Էդ իրե՛նց ժամանակ էր ցաքուցրիվ, որ ով ինչ հարց ասես՝ տալիս էր, թոշակներն էլ 60 տոկոսով ավելի ցածր էին, քան մադրիդյան սկզբունքների բանը․․․ ինքնորոշման նշաձողը։ Բա դա կոռուպցիա չի ի՞նչ ա, եթե ես այ այնտեղ նստած՝ մի քանի անգամ հարցրել եմ․․․ Բայց ես ձեզ ուրի՛շ բան ասեմ։ Էդ իրենք ե՞ն խոսում հողեր հանձնելուց։ Հա, ի՞նչ էի ասում։ Կոռուպցիան էն ա, որ սոխ ներկրելու համար իշխանությունների «դաբրո» էր պետք։ Հիմա էդպիսի բան չկա, ընդամենը մատի մի հպումով․․․ հիմնադրամները կան, հաշվեհամարները կան, «հույժ գաղտնի» գրիֆի տակ չեն, մատի մի հպումով փողը փոխանցում ես, ու հենց որ ծը՛նգ՝ հաշվեհամարին նստեց, ինչքան ուզում ես՝ ներմուծի։ Էլ ոչ մի հինգերորդ շարասյուն․․․ 

- Հա, ի դեպ՝ հինգերորդ շարասյան մասին․․․

- Հինգերորդ ասեցիր՝ հիշեցի։ Հինգերորդ տարին է՝ բյուջեի հարկային մուտքերն ավելանում են։ 2 միլիարդ դոլարը պատկերացնում ե՞ք ինչ թիվ ա։ Նույնիսկ վարչապետի կեցավայրի չուլանում չի տեղավորվում։ Հա, շարասյան մասին էի՞ր հարցնում։ Գեներալներ կան, որ պատերազմի ժամանակ խուճապ են տարածել։ Զորքը շարել են ու ասել «մեր գերագույն-գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է»։ Կանչել եմ, հարցնում եմ՝ ինչի՞ ես նման բան ասել, չգիտեի՞ր, որ դա խուճապ կառաջացնի, ու ոչ մի բացատրություն չի տալիս․․․ Բա դրա համար եմ ասում, որ․․․ իմիջիայլոց՝ էն նախորդ հարցի պատասխանի ժամանակ մոռացա ասեմ։ Հայկական ավիաընկերությունները միայն մի տարում տեղափոխել են 900 հազար դոլար․․․ է՜, դոլար եմ ասում․․․ Ուղևո՛ր։ Մենակ Երևանի ծառահատման ոլորտում 500 նոր աշխատատեղ է բացվել, կոռուպցիան սենց ա՞ լինում։ Բայց դա չի նշանակում, թե բանակում խնդիրներ չկան։

- Կոնկրետ ի՞նչ խնդիրներ։

- Տարբեր։ Էն օրը Պապիկյան Սուրոն նեղացած զանգել էր, թե շե՛ֆ, էդ ի՞նչ հաշիվ ա, լսել եմ՝ «Տիկին պաշտպանության նախարար» ֆիլմ եք նկարում, էդ ի՞նչ եք նամիկատ անում, ասեցի՝ Սուրո ջան, մի՛ նեղացի, ֆիլմը ուրիշի մասին չի, քո մասին ա, չգիտես ինչի՝ ավելի նեղացավ․․․ 

- Իսկ դա որևէ կերպ չի՞ անդրադառնա մեր անվտանգության համակարգերի վրա։

- Բայց ինչի՞ պիտի անդրադառնա, մեր անվտանգության համակարգերն անթերի են գործում։ Էն օրը ՀՀ հպարտ քաղաքացիների հետ ջերմ հանդիպման ժամանակ մի տիկին ինձ օդային ողջույն հղեց զոնտիկի տեսքով, և զոնտիկը դեռ օդում՝ այդ հարգարժան տիկնոջը շնորհքով բերման ենթարկեցին ու գործ հարուցեցին։ Կամ՝ Գերյուսի շրջանի Դիգ գյուղի մոտ թյուրըմբռնում եղավ, ու երեք րոպե չանցած՝ հարյուրավոր ոստիկաններ պաշտպանության տակ առան վարչապետի երևանյան կեցավայրը․․․ Զի ասված է՝ Տե՛ր, թողությո՛ւն տուր իմ մեղքերին, որ ժողովրդիս փրկության համար ահա կրում եմ խաչն իմ՝ Պրահայի և Սոչիի արձանագրություններին համահունչ․․․ Բայց հանկարծ չշշկռվեք, որովհետև էդ ինչի՞ց ա։ Էդ նրանից ա, որ Ալմաթիի հռչակագրի համաձայն ՀԴՄ կտրոնները կուբամետրերով տանում էին նախագահական, Սևանի խեցգետինը պարտքի տեղ տալիս էին ՀԱՊԿ-ին ու փոխարենը հուսահատության գազելներով 10 տոկոս կրակող մետաղի ջարդոն բերում․․․ 

- Լավ, պրն Փաշինյան, երևի այսքանով էլ ավարտենք, շնորհակալություն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   47385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ