- Պրն Փաշինյան, կիրակի օրը «կառավարությունը» դուրս էր եկել Երևանի փողոցներում զբոսնելու բավականին զավեշտալի կերպարով՝ ծղոտե շլյապայով, մի քանի «ռազմեռ» փոքր շորերով, ավելորդ ճարպերը աջուձախ լխկլխկացնելով․․․ Իսկապե՞ս այդքան կարոտել էիք Երևանը։
- Բա իհարկե։ Երևանցիներն էլ ի՛նձ էին կարոտել։
- Այո, զգացվում էր։ Եթե թիկնապահները չլինեին՝ երևի կմոտենային ու տեղում առանձնակի քնքշանքով կսիրեին Ձեզ։ Իսկ ինչպե՞ս կգնահատեք Ճապոնիա կատարած Ձեր այցը։
- Տոկիոյում զբոսնելիս ինձ ամենաշատը զարմացրեց այն, որ փողոցներում աղբ չկար․․․
- Այսինքն՝ միայնա՞կ էիք զբոսնում, խմբակցությունից մարդ չէի՞ք տարել։ Լավ, իսկ ուրիշ է՞լ ինչը զարմացրեց Ձեզ։
- Տոկիոյի մետրոյում հատուկ աշխատողներ կան, որ առավոտները մարդկանց հրելով խցկում են վագոնները, հիմա մտածում եմ՝ Ավինյան Տիկոյին հուշեմ, որ մի 500 հոգի վարձի՝ առավոտները մեր հպարտ քաղաքացիներին ճխտեն ավտոբուսները։ Բայց երևի ևս 500 հոգի էլ պետք է, որ այդ 500 հոգուն ճխտեն ավտոբուսները, որպեսզի նրանք հասնեն կանգառները և անցնեն գործի։ Ամեն դեպքում՝ ահագին նոր աշխատատեղեր կբացվեն։ Բայց այցիս հիմնական նպատակը դա չէր։
- Բա ո՞րն էր։
- Փորձի փոխանակումը։ Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմում ջախջախված երկիր էր, իսկ հիմա աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է։ Անընդհատ մտածում էի՝ ի՞նչն եմ սխալ արել, կարծես թե նորմալ, տեղը տեղին ջախջախման եմ տարել Հայաստանը, բա ինչո՞ւ Ճապոնիայի նման չենք զարգանում։ Հետո հասկացա, որ ախր Ճապոնիայի վրա ատոմային ռումբեր է՛լ են գցել, հիմա մտածում եմ՝ ո՞ւմ դիմեմ, որ այդ բացը լրացնեն։
- Պրն Փաշինյան, առաջիկայում Սարդար Քըլըչը այցելելու է Հայաստան․․․
- Այո, այո, և անպայման տեսչական այցով լինելու է Ծիծեռնակաբերդում՝ անձամբ ծանոթանալու հայ-թուրքական հարաբերություններում առկա նեգատիվ երևույթների ապամոնտաժման աշխատանքներին։
- Իսկ ի՞նչ կասեք ներքաղաքական կյանքի մասին։
- Ես դատաիրավական համակարգի գործունեությանը չեմ միջամտում։
- Բայց ես ներքաղաքական կյանքի մասին էի հարցնում․․․
- Բա քո կարծիքով Հայաստանում ո՞ր համակարգն է զբաղվում այդ հարցերով։
- Լավ, վերջին հարցը՝ ֆուտբոլի մասին։ Չե՞ք պատրաստվում SMS ուղարկել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
- Էդ լուրջ ե՞ք հարցնում։ Այսինքն՝ ուղարկեմ, որ ի՞նչ։ Որպեսզի ե՞ս լինեմ Հայաստանի պարտությունների միակ խորհրդանիշը, ե՞ս լինեմ միակ լուզերը։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ Պորտուգալիայի հետ խաղին հաջորդած երկու օրերի ընթացքում հանրության հնչեցրած հայհոյանքների հասցեատերերի ցանկում ես զիջել եմ առաջատարի դիրքերը և ընդամենը երկրորդ տեղում եմ․․․
- Հասկացա։ Շնորհակալություն հարցազրույցի համար։