...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, ինչպե՞ս կգնահատեք ձեր մարզային քարոզարշավները։ Արդյունքներից գո՞հ եք։

- Ես․․․ նյամ-նյամ․․ ճլըմփ-ճլըմփ․․․ խփշտ․․․

- Լավ, ծամեք-վերջացրեք, հետո կպատասխանեք։ Ես կսպասեմ։

- Չէ, չէ, քանի՞ ժամ պիտի սպասես։ Այո, արդյունքներից շատ գոհ եմ։ Այդ այցերը ցույց են տալիս, որ ժողովուրդը մեր կողքին է։ Ավելին ասեմ՝ այդ ժողովրդի կեսից ավելիին արդեն դեմքով ճանաչում եմ, որովհետև ո՛ր մարզ գնում ենք՝ այնտեղ են։

- Կարծում եք՝ հունիսի 7-ին ժողովուրդը ձայն կտա՞ ձեզ։

- Ձայն տալը չգիտեմ, բայց մենք սահմանադրական մեծամասնություն ենք ունենալու։ Գիտե՞ք էդ որն ա։ Սահմանադրությամբ մյուս բոլոր ուժերին արգելելու ենք մասնակցել ու դառնանք մեծամասնություն։

- Իսկ եթե ժողովուրդն ընդվզի ու դուրս գա փողո՞ց։

- Բա ձեր կարծիքով ինչի՞ եմ ուզում էս քանի օրը ժողովրդին հրապարակավ ցուցադրել մեր ձեռք բերած զինատեսակները՝ նախապես հավաստիացնելով, որ դրանք երբեք չեն օգտագործվի ոչ Ադրբեջանի դեմ, ոչ էլ ընդհանրապես Հայաստանի տարածքից դուրս։ Դրանք կօգտագործվեն միայն խաղաղության օրակարգի թշնամիների դեմ։

- Այսինքն՝ ընդդիմությա՞ն։

- Էդ արդեն՝ ոնց մեր բարեկիրթ հարևանները կասեն։ Չէ՞ որ խաղաղությունը միակողմանի չի լինում։

- Ի դեպ՝ խաղաղության մասին։ Ալիևը հայտարարեց․․․

- Նախ և առաջ թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել պրն Ալիևին․․․

- Լավ, բայց թույլ տվեք հնչեցնել հարցը։ Ալիևը հայտարարեց, որ իրենք ՀՀ օդային տարածքն օգտագործում են առանց Հայաստանի թույլտվության։

- Այո, իհարկե։ Մենք նրանց թույլ ենք տվել մեր օդային տարածքն օգտագործել առանց մեր թույլտվության։

- Նա հայտարարեց նաև, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու բազմաթիվ պատճառներ ունի, բայց որոշել է ճանաչել, թեև դա չի նշանակում, որ 6 ամիս անց նույնը կլինի․․․

- Թույլ տվեք ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել պրն Ալիևին՝ նախընտրական փուլում ցուցաբերած աջակցության համար, որովհետև նա հստակ ուղերձ է հղում՝ եթե 6 ամիս անց Հայաստանում այլ իշխանություն լինի, ինքը ՀՀ տարածքային ամբողջականությունը չի ճանաչելու։

- Լավ, վերադառնանք ներքաղաքական հարցերին։ Ընդդիմությունը կարծես թե փորձում է համախմբվել․․․

- Չհասկացա, Քոչարյանին բան ա պատահե՞լ։ Դե բա եթե բան չի պատահել՝ էլ ի՞նչ համախմբում։ Էն անեկդոտը գիտեք, չէ՞, էն որ ասում ա՝ քանի քեռին սաղ ա, էրեխեքը պիտի գաթա ուտեն։ Հիմա է՛դ ա, քանի Քոչարյանը սաղ ա, մենք գաթա ենք ուտելու։ Հա, էդ լավ հիշեցրեցիր, զանգեմ Ալենչոյին ասեմ՝ մյուս անգամ ավտոբուսով տեղ գնալուց մի էրկու վեդրո գաթա բերի հետը․․․

- Եվ վերջում՝ ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել ժողովրդին։ Բացի նրանից, որ սիրում եք ժողովրդին, որովհետև առանց այն էլ բոլորը տեսնում են, թե ինչպես է ձեր իշխանությունն ամենօրյա ռեժիմով ժողովրդի հետ սիրով զբաղվում։

- Դե եթե տեսնում են՝ էլ ուրիշ ուղերձը ո՞րն ա։ Դուրները չի գալիս՝ թող դիմադրեն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   40 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ