...

Բլից-վիրտուալ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Al-ի հարցերին


- Բարև ձեզ, պարոն Փաշինյան։

- Չհասկացա, էս ինչո՞ւ ինձ «պարոն վարչապետ»-ով չեք դիմում, արհեստական բանականությունը ինձ վարչապետ չի համարո՞ւմ։

- Դե ամեն դեպքում՝ որքան էլ արհեստական, այնուամենայնիվ բանականություն է․․․ Եթե թույլ տաք՝ առաջին հարցը։ Դուք Գյումրի մեկնեցիք մի քանի տասնյակ գերթանկարժեք մեքենաներով և այնտեղ խոստացաք ժողովրդին վերադարձնել նախկինների ավելի էժան մեքենաները։ «Օպել» քշողներին էլ Ձեր իշխանությունը «համբալ» է անվանում, բա հիմա մարդիկ ի՞նչ մեքենա քշեն։

- Այ դրա համար էլ ասում եմ «հեծանիվը կյանք է»։ 

- Իսկ Գյումրիում Ձեզ աղ ու հացով դիմավորեցի՞ն։

- Չէ, Աննան արգելել էր։ Գիտի, որ ինձ ինչ ձրի ուտելիք դեմ են տալիս՝ մինչև վերջ ուտում եմ, իսկ հացը չաղացնում ա։

- Ինչպիսի՞ն է նախընտրական իրավիճակը Գյումրիում։

- Ճիշտն ասած՝ ես այդ նախընտրական ակտիվության իմաստը չեմ հասկանում։ Միևնույն է՝ ՔՊ թեկնածուին դարձնելու ենք քաղաքապետ։ Պարզ է, չէ՞, որ եթե, օրինակ, ՔՊ-ն երկրորդ տեղը զբաղեցնի՝ առաջին տեղը զբաղեցրածը հայտնվելու է բանտում, եթե չորրորդ տեղը զբաղեցնի՝ առաջին երեք տեղերը զբաղեցրածներն են հայտնվելու բանտում, այնպես որ՝ գյումրեցիները պարտավոր են, զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով, միանգամից ձայն տալ ՔՊ-ին։ Որպես ի՞նչ են զուր տեղը այդ մարդկանց գլխներին փորձանք բերում։

- Երևի մտածում են՝ ավելի լավ է մի քանի հոգի փորձանքի մեջ ընկնեն, քան մի ամբողջ քաղաք։ Ի դեպ, մարդասիրություն ասացիք՝ հիշեցի։ Ծանո՞թ եք Ռուբեն Վարդանյանի ուղերձին։

- Իսկ այդ ուղերձն ո՞ւմ էր ուղղված։

- Դե երևի հայ ժողովրդին։

- Բա ա՛յ ձեր ցավը տանեմ, համ ինձ «թուրք» եք ասում, համ ասում եք «հայ ժողովրդին ուղղված ուղերձին ծանոթ ե՞ս»։ Ինչո՞ւ պիտի ծանոթ լինեմ։

- Լավ, վերադառնանք Գյումրի․․․

- Ո՞նց թե «վերադառնանք Գյումրի», 7 տարի առաջ ինչքան Չալո կար՝ հետևս գցած Գյումրիից քայլելով եկել եմ Երևան, որ այսքան շուտ վերադառնա՞մ։ Լավ հիշեք՝ ինձ միայն ժողովո՛ւրդը կարող է հետ քշել Գյումրի։ Այն էլ միայն մի դեպքում՝ եթե Գյումրի-Կարս երկաթուղին արդեն բացված լինի, Թուրքիան էլ մարդասիրական միջանցք և ապաստան խոստանա։

- Չէ, ես նկատի ունեի՝ վերադառնանք Գյումրիի այցին։ Ընդհանուր արդյունքներից գո՞հ եք, ի վերջո՝ գյումրեցիների հետ հանդիպմանը մոտ 300 հոգի էր մասնակցում․․․

- Դե որովհետև Գյումրիից նախօրոք ասել էին հետներդ Երևանից 280 հոգուց ավել մարդ չբերեք, ռեստորաններում էդքան քյալլա չկա։ Բայց ընդհանուր առմամբ՝ գոհ եմ։ Չանախն էր մի քիչ աղի, քյաբաբը չորոտ էր, մնացած ամեն ինչը տեղն էր։ Ահագին էլ փող հավաքեցինք։ Հատիկ առ հատիկ բոլոր հաջողակ տղամարդկանց մոբիլիզացրել էինք։

- Ի դեպ՝ հայտարարեցիք նաև, թե շատերն առնետների նման իրենց նկուղներից դուրս են եկել ու Գյումրիի փողոցներում քայլելով՝ ընտրարշավ են անում, նրանց պետք է հետ ուղարկել իրենց առնետային տները։ Արդյո՞ք Ձեր և Ձեր թիմի մասին նման ինքնաքննադատական խոսքը տեղին էր։

- Գիտե՞ք, իսկապես՝ իմ թիմակիցներից շատերն այդ խոսքերն իրենց վրա էին վերցրել, մի քանիսը նույնիսկ նեղացել էին՝ թե «ինչո՞ւ ես մեր նախահեղափոխական բնակարանները առնետային տներ» անվանում։ Բայց ես ոչ թե իմ թիմակիցներին, այլ նախկիններին նկատի ունեի։

- Բայց Al-ն ընդամենը համադրեց փաստերը․․․ Ինչևէ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   483 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ