...

Բլթոցները՝ ազգային աղետի հիմք

Բլթոցները՝ ազգային աղետի հիմք

«ՉԻ»-ն հրաշալի վերնագիր է գտել՝ մեր ընտրյալ մտավորականների «մտքերը» բնորոշելու համար՝ «Բըլթ»։ Որովհետև նույնիսկ հայերենի պես հարուստ լեզվի գրական բառապաշարում դժվար է գտնել ավելի դիպուկ բառ։ 

Մինչ բուն նյութին անցնելը՝ մի փոքրիկ տեղեկանք։

Ո՞րն էր գլխավոր «բըլթ»-ը։

Ս․թ․ մարտի 2-ին 80 մտավորականներ կոչով դիմեցին «միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին»՝ կոչ անելով «․․․անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնլու համար»։

Ընթերցողը կհարցնի՝ ինչ վատ բան են արել։ Թվում է՝ ոչ մի։ Հայ մտավորականների ավանդույթներին չեն դավաճանել, ազգի շահն են պաշտպանել։ Թվում է։ Իսկ մի քիչ ուշադիր լինենք, կտեսնենք, որ ինչ- ինչ քաղաքական շրջանակների պատվեր են կատարել։ Նույն շրջանակներն Արցախում ս․թ․ փետրվարի 18-ին «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենք ընդունեցին։ Եվ դարձյալ խնդրում եմ ուշադիր լինել։ Տեսե՛ք, թե երբ է այս ամենը կատարվում և ինչ սին հույսով։ Ուրեմն նախորդ տարվա վերջից գերլարված էին ռուս-ուկրաինական հարաբերությունները։ Եվ մեր «մտքի տիտանները», եթե անգամ պատերազմի հոտ չէին առել, ապա հասկացել էին, որ Ռուսաստանը ճանաչելու է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ պետությունների անկախությունը։ Հասկացան և որոշեցին, որ կարող են առիթից օգտվել։ Ի դեպ «ՉԻ»- ում հրապարակված «Բըլթ»-երից մեկը վկայում է հենց դրա մասին («Բըլթ-8»)։ Ճիշտ է, այս հանճարեղ միտքն արտահայտվել է հեռավոր 2016-ին, բայց քանի որ հայ մտավորականը Իսահակյանի և Լեոյի ժամանակակիցների հարազատ ժառանգորդն է, ուստի 100-ամյակներով կարող է կրկնել նույնը՝ անկախ պատմական ընթացքից և չտեսնելով իրականությունը։ 

Ուրեմն վերոհիշյալ «Բըլթ-8»-ում կարդում ենք պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետևյալ «միտքը»․ «Ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը աշխարհին սկսեց հուշել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի հանգամանքը պետք է լինի առաջին պլանում: ԱՄՆ-ի որոշ նահանգների կողմից Արցախի ճանաչումը, ռուս որոշ քաղաքագետների կողմից Արցախի ու Ղրիմի, Դոնբասի միջև զուգահեռներ տանելը... Թող Ադրբեջանը շատ լավ իմանա, որ բոլոր այն տարածքները, որոնք անջատվել են ինքնորոշման կամ ազգային ազատագրական պայքարի արդյունքում, բոլորը ելքի առումով ստատուս-քվոն պահպանել են, երբեք հնարավոր չի եղել ազգային-ազատագրական պայքարի արդյունքում ձեռք բերվածը նորից վերադարձնել նախկին դիրքեր»: 

Եթե այսպես խոսեր որևէ ոչմիթիզական քաղաքական գործիչ, կմտածեինք՝ մարդ է, ճառ է ասում։ Բայց խոսողը ԳԻՏՆԱԿԱՆ է։ Պատմաբան գիտնականը պնդում է ակնհայտ սուտ՝ «երբեք հնարավոր չի եղել ազգային-ազատագրական պայքարի արդյունքում ձեռք բերվածը նորից վերադարձնել նախկին դիրքեր»: Համաշխարհային պատմությունից բազում օրինակներ կարող ենք ներկայացնել, որոնք հերքում են այս պնդումը։ Լավ, ասենք՝ աշխարհի պատմություն չգիտեն, բայց գոնե սեփական երկրի պատմությունը չե՞ն սերտել։ 20-րդ դարի սկիզբը ձեզ ոչինչ չի՞ սովորեցրել։ Ինչքան ազատագրված տարածք ենք հենց մենք մեր անհեռատեսության պատճառով կորցրել՝ հիշո՞ւմ եք։ Թե՞ Վիլսոնի քարտեզն այնպես է կուրացրել ձեզ, որ կարծում եք՝ ծովից ծով Հայաստանում եք ապրում։ Դաժան է, ցավոտ, բայց 2020-ի պատերազմը նույնպես եկավ հերքելու ակադեմիկոսի «մտքերը»։ 

Վերադառնանք մեր օրեր։ Ս․թ․ մարտի 2-ին արդեն պարզ էր, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, տարբեր ճամբարներումմ են։ Խումբը փաստորեն չի գործում։ Ո՞ւմ են դիմում։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գլուխը խառն է։ Արցախը նրանց համար երրորդական մի խնդիր է։ Մի՞թե այսքանը չէին հասկանում Արցախում և Հայաստանում։ 

Իսկ որ Ադրբեջանն օգտվելու է այս խառնաշփոթից և փորձելու է հարցեր լուծել, պարզից էլ պարզ էր։ Ուղղակի մի քիչ սպասեցին, տեսան, թե ռուսների գլուխն ինչքան խառն է, և ․․․։ Եվ Արցախը ծանրագույն վիճակում է։ Կանխատեսելի՞ էր սա։ Իհարկե։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ ռուսական զորքը մի գեղեցիկ օր դուրս կգա նաև Հայաստանի տարածքից։ Գիտե՞նք՝ ինչ ենք անելու։ Կարող ենք։ Գիտե՞նք՝ ինչ ենք անելու։ Նշենք նաև, որ Արցախում տեղակայված ոչ մի խաղաղապահ մեր հարցի համար կռիվ չի տալու։ Դա նրանց գործը չէ։ 

Եվ քանի որ հայ գիտական միտքը 90 տոկոսով այս վիճակում է, քաղաքականն էլ 98, 5 տոկոսով պետք է նույնը լինի։ 

Հիշենք։ 2020-ի պատերազմից հետո Արցախի մասին տրվող հարցերին պատասխանելիս ՔՊ-ականները անմեղսունակորեն պնդում էին, թե այժմ ամեն ինչի պատասխանատուն ռուսներն են։ Նրանց ընդդիմությունն էլ առանձնապես չէր փայլում քաղաքական և պետական գիտակցությամբ։ Նույն կերպ հայացքները հառել էին դեպի հյուսիս։ Հակառուսներն ավելի զավեշտական վիճակում էին․ Վիլսոնի քարտեզը վկա։ 

Ամբողջ ողբերգությունն այն է, որ թե՛ մեր մտավորականների, թե՛ քաղաքական գործիչների ուղեղի հատուկենտ ծալքերում Հայաստանը չկա։ 

Եթե լիներ, 2020-ի պատերազմից հետո միահամուռ պետք է ընդունեին, որ ղալաթ են արել՝ հարցի խաղաղ կարգավորմանն ընդդիմանալով, ոչմիթիզական խումհարի մեջ ընկնելով և գցելով։ Չարեցին։ Որովհետև իսկապես կարմիր կովը կաշին չի փոխում, դրա համար էլ քերթում են։

Եթե Հայաստանն ու Արցախը սրանց ուղեղի հատուկենտ ծալքերում լինեին, ապա գոնե պատերազմից հետո ամեն օր, ամեն ժամ պետք է խոսեին, գոռային մեր սեփական անվտանգության մասին, սահմանների մասին, զինվորների մասին, տնտեսության մասին։ Պետք է համարձակություն ունենային տեսնելու իրականությունը։

Չկան, չեն եղել Հայաստանն ու Արցախը նրանց մտքում։ Եղել են կոչումները, իշխանությունը, նյութական շահը, մեկ էլ հանկարծ դավաճան չկոչվելու վախը։

Գրիգոր Խաչիկյան
(շարունակելի)

ՎԱՐԿԱՆԻՇ

   2109 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ