Այսօր Արդարադատության նախարարությանը և աշխատակազմին նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանին ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Արդարադատության ոլորտում մեր պատկերացումները և ընկալումները պիտի համապատասխանեն նաև այն տեսլականին, որ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»:
«ՉԻ». Թվում է, թե Նիկոլ Փաշինյանը եսիմինչ չի ասել: Իրականում, եթե արդարադատության ոլորտում ՀՀ քաղաքացիների տեսլականներով առաջնորդվենք, բոլորին պետք է գնդակահարել: Իշխանություններին, քանի որ քաղաքացիների մի մասը դա է երազում, ընդդիմությանը, դա էլ են շատ-շատերը ցանկանում, արտախորհրդարանական ուժերին, Ծռերին, սորոսականներին, ազգայնականներին, Ռոբերտին, Լևոնին, Սերժին:
30-ական թվականների ստալինյան ռեպրեսիաների ժամանակ դա շատ ընդունված ձև էր. բռնում էին հերթական «ժողովրդի թշնամուն», հետո հայտարարում էին, թե աշխատավորական լայն մասսաների պահանջով դրան գնդակահարելու են:
Հիմա որ աշխատավորական լայն մասսաների պահանջներին սկսենք ականջալուր լինել, Հայաստանում մարդ չի մնա: