...

Բումերանգը հետ եկավ

Բումերանգը հետ եկավ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին: «Աչքերը կապած, առանց կշեռք արդարադատություն է։ Մակագրումը ձեռքով է արվել, և միայն այդ հանգամանքը արդեն բավարար է, որպեսզի օրինական դատարանի մասին չխոսենք»,- ասել է Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«ՉԻ». 1742 թվականին ներիշխանական գզվռտոցներից հետո ցարական Ռուսաստանի ֆելդմարշալներից Մինիխը կորցրեց ազդեցությունը և նրան որոշեցին դատել: Դա դեռ հերիք չէր, դատավոր էլ նշանակեցին Մինիխի երբեմնի ենթականերից մեկին՝ Տրուբեցկոյին:

Դատի ժամանակ Տրուբեցկոյը հարցնում է. «Մեղադրյալ Մինիխ, դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք»:

«Ես մենակ մի բանում եմ մեղավոր, պարոն դատավոր»:

«Եվ ինչո՞ւմ կոնկրետ»:

«Կոնկրետ նրանում, որ քո նման շան որդուն կախաղան չհանեցի, երբ անցած տարի բռնվեցիր անառակության վրա»:

Հիմա պատմությունը կարող է կրկնվել: Երբ Մնացական Մարտիրոսյանը հարցնի. «Մեղադրյալ Հովսեփյան, դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք», Աղվան Հովսեփյանը կարող է դուխով պատասխանել. «Այո, պրն դատավոր, մեղավոր եմ, որ ժամանակին իմ սարքած գործերը դակում էիր: Մեղավոր եմ, որ տասնյակ անմեղ մարդկանց վրա հոդվածներ եմ կարել, շինծու մեղադրանքներ եմ ներկայացրել՝ վստահ լինելով, որ քո նման դատավորը բոլոր այդ մեղադրանքները հաստատելու է ու անմեղ մարդկանց բանտերը ուղարկի»:

Հուսով ենք, որ Աղվան Հովսեփյանը այդպես էլ կվարվի: Ի՞նչ իմանաս, կյանքը բումերանգ է, այսօր դու ես դատում, վաղը կարող են քեզ դատել:

Վստահ ենք, որ Մնացական Մարտիրոսյանը Աղվան Հովսեփյանի գործով էլ կվարվի այնպես, ինչպես վարվել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օրոք:

Հ.Գ. Մոռացանք նշել, որ Տրուբեցկոյը Մինիխին դատապարտեց մահապատժի: Բա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   8881 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ