...

Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ

Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ հուլիսի 8-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն իրականացրին Քաջարանի քաղաքապետին պատկանող մեքենայում ու բնակարանում։ Հետո նրան բերեցին Երևան։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությանը օժանդակելու կամ կազմակերպելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար: Ամիսներ շարունակ Փարամազյանի փաստաբաններն ու ընդդիմադիր ակտիվիստները պայքարում էին նրա համար։ 70 միլիոն գրավի դիմաց Փարամազյանն ազատ արձակվեց, իսկ նրա շուրջ աղմուկը դադարեց։ Չիմացանք էլ՝ հարցը ինչպես փակվեց։

Իսկ այսօր արդեն Քաջարանի քաղաքապետը Աննա Հակոբյանին է դիմավորում շքեղ վարդերի փնջով։ Ընդդիմադիրներն էլ զայրանում են, երեսով են տալիս իրենց արածը, հորդորում են ներողություն խնդրել բոլորից։ Ի դեպ, Փարամազյանը մինչև վերջերս եղել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ։ Այդ կուսակցության նախագահը  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն է, որը 168․am-ին ասել է, թե Փարամազյանը հունիսի վերջից այլևս ոչ վարչության անդամ է, ոչ էլ առհասարակ կուսակցության անդամ։

Մարդը մի քանի օրում վերադիրքավորվել է։ Աննա Հակոբյանի երկրպագուն է դարձել, մինչդեռ ամիսներ առաջ նրա ամուսնուն մեղադրում էր իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ։ 

Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանի կուսակցությանը, ապա եթե մինչև հաջորդ համագումար այս կուսակցությունում մարդ մնացած լինի՝ Հակոբյանն ահագին ուրախ կլինի։ Գոնե հարցազրույցներ տալու առիթ կունենա։

Գոհար Վեզիրյան   
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2339 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ