...

Ախր նա ինչպես վեր կենա գնա, ախր նա ինչպես ուրիշ տեղ մնա

Ախր նա ինչպես վեր կենա գնա, ախր նա ինչպես ուրիշ տեղ մնա

«Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերը հերթով լքում են Վահե Հակոբյանի ղեկավարած կուսակցությունը։ Կուսակցության քվոտայով ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը, Առուշ Առուշանյանը լքել են կուսակցությունը։ «Ես՝ անձամբ, և Արթուր Սարգսյանը միասին դիմում ենք գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ։ Ավելին՝ նաև Առուշ Առուշանյանը։ Այսինքն՝ ամբողջ Սյունիքի թևը դուրս է եկել կուսակցությունից»,- հայտարարել է այս պահին ԱԺ պատվիրակության կազմով գործուղման մեկնած Աննա Գրիգորյանը։ «Հրապարակ»-ը նաև Վահե Հակոբյանի տեսակետն է հարցրել՝ վերջինս էլ հայտարարել է, թե իրենք են դադարեցրել Աննա Գրիգորյանի ու Արթուր Սարգսյանի անդամակցությունը կուսակցությանը: «Իրենց առաջարկվել է` դիմում գրեն, դուրս գան, իրենք էլ գրել` դուրս են եկել, ինչպես եղավ Մանվել Փարամազյանի դեպքում»,- նշել է Վահե Հակոբյանը:

Երկրորդական հարց է այս լեզվակռիվը՝ կուսակցությունն է դադարեցրե՞լ անդամությունը, թե՞ անդամներն են սեփական նախաձեռնությամբ սկսել գործընթացը։ Կարևորը հարցն է՝ մանդատը պահելո՞ւ են, թե՞ ոչ։ Տեսնես դադարելո՞ւ է հին պրակտիկան՝ մի կուսակցության ֆորմատով պատգամավորական մանդատ ձեռք բերել, հետո հրաժարվել կուսակցությունից, բայց շարունակել պահել մանդատը, թե՞ այս հարցում էլ մնալու ենք նախկին քաղմշակույթի տիրույթում։ Ինչ վերաբերում է տեսակետներին, թե սա նախանշում է «Հայաստան» դաշինքի փլուզումը և Ռոբերտ Քոչարյանի հեռացումը (քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է նման տեսակետ հայտնել ֆեյսբուքում), ապա այս իմաստով փոքր-ինչ հոռետես ենք։ Հայաստանում գրեթե բոլոր դաշինքները նման ճգնաժամերի միջով անցնում և վերջում բնականորեն «լուծարվում» են։ Լուծարում այս դեպքում ակնկալելու համար դեռ շուտ է։ Վահե Հակոբյանի հեռացումը ավելի միատարր է դարձնելու դաշինքը․ այնտեղ վերջնականապես տիրելու է Դաշնակցության եղանակը։ Իսկ այդ եղանակը միշտ էլ բարենպաստ է եղել Ռոբերտ Քոչարյանի համար։ Եթե Վահե Հակոբյանին այդ եղանակը շատ ցուրտ կամ անտանելի շոգ թվա՝ կհեռանա, բայց չկասկածեք՝ նախապես տեղ կգտնի, որտեղ թաց չի լինի։ Այնտեղ չոր ու կոմֆորտ կլինի՝ բոլոր իմաստներով։

Գոհար Վեզիրյան     

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ