...

Ծառուկյանի ճաշակով

Ծառուկյանի ճաշակով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվելու է Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը։ Երեկ ավարտվել է մրցութային հայտերի ներկայացման ժամկետը։ Հաղթողները դեռ պարզ չեն։  «Այսօր հնարավոր չեղավ որոշել հաղթող նախագիծը, քանի որ դրանք շատ էին, անգամ վերջին օրը նախագիծ ներկայացնողներ են եղել»,- «Aravot.am»-ի հետ զրույցում տեղեկացրել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Մարիամ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ շուրջ 200 նախագծեր են ներկայացվել, և խորհրդի անդամներին երկու շաբաթ ժամանակ է տրվել, որպեսզի քննարկեն և որոշեն լավագույն նախագիծը: Լրագրողը հետաքրքրվել է՝ ի՞նչ հետաքրքիր նախագծեր են ներկայացվել, ի պատասխան՝ Պետրոսյանը նշել է․  «Մի առաջարկ եղավ, որ «Հայր մերը» Հիսուս Քրիստոսի պատվանդանի ներքևի տարածքում 301 լեզվով լինի, որ զբոսաշրջիկները գան ու գտնեն իրենց լեզվով «Հայր մերը»: Դա կխթանի նաև զբոսաշրջիկների հոսքը Հայաստան»: 

Եթե ամենահետաքրքիր և հիշարժան պրոյեկտը սա է, ապա արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ առաջարկներ են եղել։ Ի դեպ՝ դեռ պարզ չէ, 301-ը մեռած լեզուները ներառյա՞լ են հաշվարկվել, թե՞ ոչ։ Մի խոսքով, երկու շաբաթ էլ պիտի սպասենք, որ վերջապես իմանանք՝ ո՞վ է լինելու հաղթողը և ո՞ր առաջարկն է լինելու Ծառուկյանի ճաշակով։ Ճաշակի մասին․ տարիներ առաջ Ծառուկյանը զանգահարել էր «Կենտրոն» հեռուստաընկերություն ու Պետրոսի ձայնագրված հաղորդումներից մեկը «անջատել» էր տվել հենց այն պահին, երբ եթերի կեսն արդեն անցել էր։ Հյուրը գրականությունից խոսելիս իրեն թույլ էր տվել, ըստ Ծառուկյանի, էրոտիկ բնույթի բառեր օգտագործել։ Ծառուկյանն էլ բարկացել էր, թե ընտանիքներով նստած Պետրոսի հաղորդումն ենք նայում, և ահա այսպիսի անհարմար բան է ստացվում։ Եթերն անջատել էին, ու վերջ։ Հիմա՝ պետք է վստահել Ծառուկյանին ու նրա նախաձեռնությանը, մարդը հաստատ այնպիսի բան կանի, որ մենք՝ հայերս, վատ չզգանք։ Համ մեզ համար լավ կլինի, համ էլ տարբեր ազգեր ափալ-թափալ կգան Հայաստան, որ իրենց լեզվով «Հայր մերը» վերջապես կարդան։ Դե, բոլոր ազգերն էլ մեզ պես լեզվի մեռած են։ Մնում է՝ այս ընթացքում Ծառուկյանի հայերենը լավացնել։ Լավ է ուշ, քան երբեք։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3521 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ