...

30 տարին չոքեց դուռս

30 տարին չոքեց դուռս

«Այս 30 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանն ամենակամային, խելացի այրերից մեկն է։ Անկախ նրանից՝ նրան ով ինչ կհամարի, կամ չի համարի, այս ամբողջը մարդկանց ուղեղների մեջ ուղղակի մարդկանց թունավորելու, տարբեր կարծիքներ հայտնելու, քաղաքական, փոքր կուսակցական շահն առաջ մղելու խնդիր է։ Ես առաջնորդվում եմ միայն ու միայն պետական շահով, ինձ համար կուսակցական, խմբակային նեղ շահերն անընդունելի են։ Բոլոր այն բացթողումները, որոնք խարխլելու են Հայաստանի հիմքերը, շատ արագ պետք է շտկվեն»,- հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ 

Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին բնութագրելու համար հարկավոր է այդ առարկան կամ անձը համեմատել, ապա այդ համեմատության մեջ եզրակացություն անել։ Ասել է թե՝ իրերը, երևույթներն ու անձերը համեմատության մեջ են բնութագրելի։ Հիմա եթե Սուքիասյանը Փաշինյանին համեմատում է իր հետ, ապա նրա եզրակացությունը միանգամայն փաստարկելի է։ Փաշինյանը Սուքիասյանից կամային է։ Առանձնապես ճամբարափոխությունների չի դիմել։ Մի բան, որ Սուքիասյանի համար ձեռնոց փոխելու պես թեթև ու անջանք է եղել։ Սկզբում Քոչարյանի իշխանության տարիներին իշխանամետ օլիգարխ էր, հետո 2008-ին հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, որովհետև լավ էր հաշվարկել՝ Տեր-Պետրոսյանը 99 տոկոսով նախագահ է դառնալու։ Մարտի 1 որևէ մեկը չէր կարող հաշվարկել։ Հետախուզման մեջ գտնվող Սուքիասյանն արագորեն կարողացավ կամուրջներ գտնել Սերժ Սարգսյանի իշխանության հետ։ Պայմանավորվածության արդյունքում եկավ Հայաստան ու միանգամից սկսեց փնթփնթալ Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի վրա։ Հետո եկավ «սխալները ուղղելու» ժամանակը։ Սկսեց հրապարակային գովաբանել Սարգսյանի կադրային քաղաքականությունը՝ մասնավորապես դիֆերամբներ ձոնելով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Հետո Սարգսյանին կանչեց իր մոլի բացմանը՝ ժապավեն կտրելու։ Վերջում դարձավ հեղափոխական, ապա ՔՊ մանդատով պատգամավոր ու սկսեց խոստովանել, որ Սարգսյանի հետ «մտերմացել» է՝ իր հաշիվներն ունենալով։ Վաղը, եթե ՔՊ-ն իշխանություն չլինի, Սուքիասյանը հրապարակային կխոսի Փաշինյանի անկամության և այլ թերությունների մասին։ Ինչ վերաբերում է «խելացի այր» արտահայտությանը, ապա այստեղ տրամագծորեն հակառակն է փաստարկելի։ Սուքիասյանն այնքան խելացի է, որ կարողանում է հարմարավետորեն տեղավորվել իշխանամերձ բազմոցներին և դա հռչակել պետական շահ։ «Կամային այրերին» էլ ներշնչել, թե ինքն անձնվիրաբար պայքարում է մարդկանց թունավորումների դեմ։ Արդեն 30 տարի է այդ գործին է, մի 30 էլ աչքի տակ ունի։   

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2419 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ