...

Չեմ կարդացել, բայց ստորագրում եմ

Չեմ կարդացել, բայց ստորագրում եմ

«Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի «Ողորմելի մանիֆեստ» հոդվածին, որտեղ քննադատվել էր մի խումբ քաղաքական, դիվանագիտական, մշակութային գործիչների հայտարարությունը, ասել է. «Իմաստուն ղեկավարը նվազագույնը լռություն պիտի պահեր, նման ածականներ չօգտագործեր և իր շնորհքն, իր ինտելեկտն օգտագործեր՝ Ադրբեջանի ղեկավարությանը պատասխաներ, ոչ թե իր երկրի դիվանագետներին, մտավորականներին»:

«ՉԻ». Մեզ մի հարց է հետաքրքրում. երբ հայտարարության ինչ-որ տեքստ են պատրաստում, բերում, այս մարդկանց ցույց տալիս, հայտարարությունը ստորագրելուց առաջ այս մարդիկ տեքստը կարդո՞ւմ են: Ծանոթանո՞ւմ են բովանդակությանը: Հասկանո՞ւմ են, թե ինչի տակ են ստորագրում:

Մենք ենթադրում ենք, որ չեն կարդում: Երևի հայտարարության տեքստը բերում են, ասում են՝ մի հատ կստորագրե՞ք սրա տակ: Սրանք էլ հարցնում են՝ իսկ ի՞նչ հայտարարություն է: Պատասխանում են՝ մտահոգության մասին է: Մտահոգություն է հայտնվում Արցախի ու Հայաստանի վերաբերյալ, շատ հայրենասիրական մտահոգություն է՝ համեմված պահանջներով: Սրանք էլ ասում են՝ հա՜, դե որ մտահոգություն են հայտնում, մեջն էլ պահանջներ կան, իհարկե, կստորագրենք:

Օրինակ՝ այս հայտարարության տակ ստորագրած արցախցի էն բայղուշ պատգամավորը հենց այդպես էլ ասել է. «Երբ ինձ առաջարկել են միանալ այդ հայտարարությանն, այնտեղ քաղաքական միտք չեմ փնտրել։ Նայել եմ մարդկանց մտահոգությունն՝ այն, որ այսօր գիտնականներ, արվեստի գործիչներ, հասարակական գործիչներ մտահոգված են, և դա հենց իրենց հայտարարությունն էր»:

Նույնն էլ Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում. թե բա՝ «հայտարարությանը միանալիս ես ավելի կարևոր եմ համարել ընդհանրական, միասնական տեսակետի հրապարակումը»:

Այսինքն՝ այս մարդկանց համար ավելի կարևոր է ոչ թե հայտարարության բովանդակությունը, այլ բոլուկով հայտարարություն անելը: Էնքանով, որ դա միասնական հայտարարություն լինի: 

Բա մի հայտարարություն, որի բովանդակությունը երկրորդական է համարվում կամ ընդհանրապես նշանակություն չունի, ողորմելի չի՞: Բա որ բովանդակությունից զուրկ հայտարարությունը ստորագրում են նախկին արտգործնախարարներ, դեսպաններ, ձեռի հետ էլ՝ դերասան-մերասան, բա սա կրկես չի՞: 

Հիմա Առաջին նախագահը իր տեսակետն է հայտնել այս հայտարարության և այն ստորագրողների վերաբերյալ, փորձել է այս մարդկանց հասկացնել, որ նման հարցերին պետք է մի քիչ լուրջ մոտենալ, տուրք չտալ պոպուլիզմին, զգացմունքայնությանը, պետք է հաշիվ տալ, թե այս հայտարարությունը պրակտիկ առումով ինչ կարող է տալ Հայաստանին ու Արցախին....

Րաֆֆին ասում է՝ կամ թող չխոսի, կամ էլ՝ Ալիևին պատասխանի: 

Դե ի՞նչ ասես (սա գրելուց սեղանի տախտակին թխթխկացրինք): 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3513 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ